Գլխավոր / Հայաստան / ՀՀ կառավարությանը կոչ են անում չվաճառել «Հայռուսգազարդ»-ի հայաստանյան բաժնեմասը

ՀՀ կառավարությանը կոչ են անում չվաճառել «Հայռուսգազարդ»-ի հայաստանյան բաժնեմասը

ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել «Հայռուսգազարդ» ընկերությունում իր բաժնեմասի 20 տոկոսը ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությանը վաճառելուց:

Այս մասին հայտարարություն է տարածել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ նշելով, որ այդ ռեսուրսը Հայաստանի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունի:

«Զրկվելով բաժնեմասից,  ՀՀ-ն նաև զրկվում է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի հետագա վաճառքի ժամանակ նախապատվության իրավունքից` համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8.3 հոդվածի։ Բաժնեմաս ունենալու իրավունքը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում կանխել ընկերության բաժնետոմսերի վաճառքը ՀՀ-ի համար անցանկալի գնորդին:

Մենք համոզված ենք, որ այդ գործարքը ընդամենը կարճաժամկետ խնդիրներ է լուծելու և, վտանգից բացի, որևէ նպաստ չի բերելու ՀՀ–ին, ավելին` այս կերպ մենք մաս–մաս զիջում ենք մեր պետության կարևոր ռազմավարական օբյեկտները», — նշում է կուսակցությունը։

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ թեև այսօր ՀՀ կառավարության կողմից փորձ է արվում այս բանակցությունները ներկայացնել որպես զուտ տնտեսական գործարք, սակայն ակնհայտ է, որ դա հարցը քողարկելու նպատակ ունի, և այստեղ ավելի շատ վտանգվում է Հայաստանի՝ առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը։

«Ազատ դեմոկրատներ»-ը համոզված են, որ պետք է օր առաջ հրաժարվել  պետությանը որևէ օգուտ չբերող բանակցություններից և տնտեսական խնդիրները լուծելու համար այլ ուղիներ փնտրել։

Հիշեցնենք, որ նախորդ ամսին տարածած հայտարարությամբ «Ազատ դեմոկրատները» կոչ էին արել Հայաստանի իշխանություններին դիրքորոշում ցուցաբերել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի առնչությամբ: