Home / Հայաստան / Սյունեցիներին վախեցնելը կատակ բան չէ, վստահեցնում է նորանշանակ մարզպետը

Սյունեցիներին վախեցնելը կատակ բան չէ, վստահեցնում է նորանշանակ մարզպետը

Սյունիքում վախի մթնոլորտ չկա, համոզված է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը:

«Սյունեցիներին վախեցնելը հեշտ չէ, կատակ բան չէ: Սյունեցիները պատերազմ տեսած ժողովուրդ են և հաղթանակած ժողովուրդ են», – այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկելու նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման օրոք մարզում ձևավորված վախի մթնոլորտը վերացնելու համար: Այս թեմայի շուրջ այլ հարցերի Հակոբյանը հրաժարվել է պատասխանել:

Անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրերին, թե հենց Սուրիկ Խաչատրյանն է Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցության ժամանակ առաջարկել իր թեկնածությունը, ինչի մասին նախկին մարզպետն ասել է հարցազրույցներից մեկում, Հակոբյանը պատասխանել է, որ չի կարծում, թե Խաչատրյանն իրականում այդ մասին հարցազրույց է տվել, բայց ավելացրել, որ նախկին մարզպետը կարող է կարծիք հայտնել:  

«Դուք գիտեք, որ արդեն 9 տարի է` Սյունիքի մարզպետն իրականացնում է իր գործառույթները, և, բնականաբար, նաև ինքը կարծիք կարող է հայտնել: Ինձ առաջարկել է հանրապետության նախագահը, կառավարության որոշումով ինձ նշանակել են Սյունիքի մարզպետ»,- ասել է նա: