Home / Հայաստան / Ֆյուլեի երևանյան հայտարարությունն արված էր Մոսկվայի համար. փորձագետ

Ֆյուլեի երևանյան հայտարարությունն արված էր Մոսկվայի համար. փորձագետ

Երեկ Հայաստանում Շտեֆան Ֆյուլեի՝ ԶԼՄ-ների և քաղաքացիական ակտիվստների համար ասվածը, հնարավոր է, այլ լսարանի համար էր նախատեսվում, մասնավորապես, Մոսկվայի համար, կարծում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Խոսքը Ֆյուլեի այն դիտարկման մասին է, թե Հայաստանը կարիք չունի ընտրություն անել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու և Ռուսաստանի հետ հարաբերությունների միջև:

Epress.am-ի հետ զրույցում Բադալյանն ասել է, որ, ըստ էության, համատեղելիության մասին Ֆյուլեի խոսքերը հակասում են Լեհաստանի նախագահի՝ անցյալ ամիս Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո արված դիտարկմանը, թե Հայաստանը չի կարող և՛ Մաքսային միության անդամ դառնալ, և՛ ԵՄ-ի առևտրի գոտի մտնել, և պետք է ընտրություն կատարի:

Ըստ Բադալյանի՝ այս տարբերության պատճառն այն է, որ Լեհաստանի նախագահի խոսքն ուղղված էր ՀՀ նախագահին, իսկ Ֆյուլեինը՝ Ռուսաստանին: Փորձագետը նշել է, որ ԵՄ բարձրաստիճան չինովնիկը նաև իր հայտարարությամբ փորձում էր հանգստացնել Հայաստանում այն վերլուծաբաններին, ովքեր մտահոգված էին և մտածում էին, թե Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ, և դա կարող է ճակատագրական լինել:

Այնուհանդերձ, փորձագետը նկատել է, որ մենք չգիտենք՝ ինչի մասին են խոսել Ֆյուլեն և Սերժ Սարգսյանը առանձնազրույցի ընթացքում: 

Այս պատմության մեջ, ըստ Արմեն Բադալյանի, կարևոր է իմանալ՝ ինչ դեր է ունենալու Ասոցացման պայմանագիրը Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների համատեքստում. Արդյո՞ք դրան հետևելու է անվտանգության համակարգի որևէ ձևաչափով Հայաստանի հետ հարաբերություններ կամ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացում, թե՝ ոչ:

Եթե ոչ՝ ապա Ասոցացման համաձայնագիրը իրոք չպետք է անհանգստացնի Ռուսաստանին: Եթե այո, ապա Արևմուտքը կարող է մոտենալ Հարավային Կովկասը արևմտամետ դարձնելուն, որտեղ Հայաստանը, սակայն, ընդամենը փազլի մի կտոր է: