Home / Հայաստան / Աբովյան փողոցի մետաղական կոնստրուկցիաները ապամոնտաժվել են

Աբովյան փողոցի մետաղական կոնստրուկցիաները ապամոնտաժվել են

Աբովյան փողոցում երեկ տեղադրված մետաղական կոնստրուկցիաներն ապամոնտաժվել են, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները երեկ ԶԼՄ-ների հաղորդումից հետո այցելել են Աբովյան փողոց և անմիջապես կասեցրել շինարարական աշխատանքները, իսկ արդեն այսօր առավոտյան տարածքը բերվել է նախկին տեսքի: Հիշեցնենք, որ այդ տեղում նախկինում փոքր խանութներ էին տեղարդված, որոնք ապամոնտաժվել են 2011 թվականի վերջին:

Այսօր ավելի վաղ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Աբովյան փողոցը նորից զավթվում է», իսկ «փողոցի խեղաթյուրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Տարոն Մարգարյանի վրա»: Նախաձեռնությունը նաև տարածել էր մետաղյա կոնստրուկցիաների երեկ արված լուսանկարը:

Նշենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, մետաղյա կոնստրուկցիաների տակ պետք է Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Յուրի Բեգլարյանին պատկանող սրճարան բացվեր: