Home / Հայաստան / Զոհված զինվորի գործով դատարանի որոշման դեմ բողոքը հանձնելու են հաջորդ շաբաթ

Զոհված զինվորի գործով դատարանի որոշման դեմ բողոքը հանձնելու են հաջորդ շաբաթ

2012 թվականին ԼՂՀ զորամասերից մեկում մահացած զինծառայող Թորգոմ Սարուխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ միջնորդություն են ներկայացնելու Վերաքննիչ դատարան՝ պահանջելով քննել հուլիսի 11-ին տուժող կողմի ներկայացրած բողոքը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է գործով զբաղվող «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ հուլիսի 11-ին Վերաքննիչ դատարանը հրաժարվել էր ընդունել տուժող կողմի բողոքը՝ պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոքը պետք էր ներկայացնել վճռից հետո մեկ ամիս ժամկետում, ինչը սակայն տուժող կողմը խախտել է:

Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ տուժողն օրենքով սահմանված կարգով չի ստացել առաջին ատյանի դատարանի վճռի իր օրինակը, և այդ իսկ պատճառով ուշացման մեջ մեղավորը ոչ թե տուժող կողմն է այլ դատավոր Համլետ Դավթյանը: Դատարանը չի ժխտել այդ հանգամանքը, սակայն հայտարարել է, որ, այսուամենայնիվ, օրենքը մնում է օրենք, և իրենք այն չեն կարող խախտել: Դատարանը խորհուրդ է տվել տուժող կողմին բողոք բերել այդ անօրինականության դեմ, ինչն էլ, Մարտիրոսյանի խոսքով, արվելու է հաջորդ շաբաթ:

Հիշեցնենք, որ, համաձայն Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի, Թորգոմ Սարուխանյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղավոր են ճանաչվել Վիլհելմ Ենգիբարյանը, Հրանտ Կարապետյանն ու Ռոբերտ Բադալյանը: Տուժող կողմը համաձայն չէ վճռի հետ՝ նշելով, որ Թորգոմ Սարուպանյանին սպանել են: Ավելի վաղ Epress.am-ը ներկայացրել էր Ռուբեն Մարտիրոսյանի բողոքի մանրամասները: