Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը դատապարտել է Հրաչյա Հարությունյանի հանդեպ դրսևորած անմարդկային վերաբերմունքը

Հովիկ Աբրահամյանը դատապարտել է Հրաչյա Հարությունյանի հանդեպ դրսևորած անմարդկային վերաբերմունքը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ափսոսանք է հայտնում և դատապարտում է Պոդոլսկի մոտ տեղի ունեցած վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, հայաստանցի Հրաչյա Հարությունյանի հանդեպ ռուսաստանյան դատարանում դրսևորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: Այս մասին ասված է Աբրահամյանի հայտարարության մեջ, որը տարածել է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը:

Կրկին անգամ ցավակցելով զոհվածների հարազատներին՝ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ իրավապահ մարմիններն ու  համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն և պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝  համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաև կպարզեն վթարի իրական հանգամանքները:

Նշենք, որ հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի հետևանքով ավտոբուսում եղած 64 ուղևորներից 18-ը մահացել են, վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել: Առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Երկու օր առաջ Հարությունյանին անմիջապես հիվանդանոցից կնոջ խալաթով են բերել դատարանի դահլիճ, որտեղ նա անընդհատ փորձել է թաքցնել դեմքը տեսախցիկներից և արտասվել է: Հայաստանի քաղաքացու նման վիճակը երեկ ՌԴ դեսպանության դիմաց բողոքի ակցիայի պատճառ է դարձել: