Home / Հայաստան / Հայաստանն ու Վրաստանը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության խնդիրները

Հայ-վրացական հարաբերությունները Վրաստանի կառավարության համար առաջնային են և կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության ապահովման համար: Այս մասին Թբիլիսիում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը, Սեյրան Օհանյանը, իր հերթին, հայտնել է, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգության խնդիրները. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի հետ հարաբերություններին,  քանի որ մեր երկրները կապված են պատմական և բազմադարյան բարեկամությամբ: Կարծում եմ, որ այդ հիմքերը մեզ համար որոշակի ազդակ կլինեն` պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունների զարգացման մեջ»:

Նախարարը ընդգծել է նաև, որ  2011 թվականից Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով: Այն նախատեսում է փորձի փոխանակում զինծառայողների պատրաստման և ռազմական կրթության ոլորտում:

Այցի շրջանակում տեղի է ունեցել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ: Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ռազմավարությունը: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը նշել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունները ծրագրում են համագործակցել ռազմավարական պլանավորման, խաղաղապահ առաքելությունների պատրաստման, փորձի փոխանակման ուղղություններով:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության անդամները Թբիլիսիի Հերոսների Հրապարակում հարգանքի տուրք են մատուցել զոհված հերոսների հիշատակին: