Home / Հայաստան / Ինչու Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիան» հնարավոր չէ. պարզաբանում է նախարարությունը

Ինչու Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիան» հնարավոր չէ. պարզաբանում է նախարարությունը

ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիան» հնարավոր չէ միջազգային պայմանագրերի՝ վերջինիս նկատմամբ կիրառելի չլինելու պատճառով:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Հրաչյա Հարությունյանի փոխանցումը Հայաստան կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին կոնվենցիաներով սահմանված կարգով՝ հետագա պատիժը Հայաստանի Հանարպետությունում կրելու նպատակով, միայն վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

ԱԻՆ հաղորդագրության մեջ ասված է.

«Վերջին շրջանում մամուլում լայնորեն շրջանառվում են կարծիքներ Մոսկվայի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարից հետո կալանավորված` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիայի» վերաբերյալ: Նկատի ունենալով հիշյալ օտարահունչ բառի անհարկի օգտագործումը հասարակության լայն շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում հստակեցնել հանցագործություն կատարած անձանց հանձնման՝ «էքստրադիցիայի» կամ արտահանձնման և դատապարտյալների փոխանցմանն առնչվող գործընթացների տարբերությունները, ինչպես նաև պարզաբանել մի շարք իրավական դրույթներ, որոնք կարգավորում են միջազգային հարաբերությունները հիշյալ բնագավում:

«Հանձնման մասին» («Էքստրադիցիայի մասին») եվրոպական կոնվենցիան ստորագրվել է Փարիզում` 1957 թվականի դեկտեմբերի 13-ին: Կոնվենցիան Հայաuտանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002  թվականի ապրիլի 25-ից:

Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ Պայմանավորվող կողմերը (Կոնվենցիայի կողմ հանդիսացող պետությունները) պարտավորվում են միմյանց հանձնել հիշյալ Կոնվենցիայի դրույթների և պայմանների համաձայն հանձնման ենթակա բոլոր այն անձանց, ում դեմ հայցող կողմի իրավաuու մարմինները գործ են հարուցել, կամ ովքեր հետախուզվում են վերոհիշյալ մարմինների կողմից` դատավճռի ի կատար ածման կամ կալանավորման նպատակով:

Այս պարագայում «հայցող կողմ» է հանդիսանում այն պետությունը, որի տարածքում հանցագործություն է կատարվել, այդ առնչությամբ տվյալ պետության իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել և տվյալ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչը ենթադրում է, որ հանցագործություն կատարած անձը փախուստի է դիմել այն երկրի տարածքից, որտեղ հանցագործություն է կատարել:

«Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի համաձայն` տվյալ պետությունը կարող է պահանջել տվյալ անձի հանձնումը (էքստրադիցիան) այն պետության իրավասու մարմիններից, որի տարածքում հայտնաբերվել է հիշյալ անձը:

Այդուհանդերձ, հանձնումը պետք է կատարվի այնպիuի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող և հայցվող կողմերի (այսինքն՝ և՛ այն պետության, որի իրավասու մարմինների կողմից գործ է հարուցվել, և՛ այն պետության, որի տարածքում հայտնաբերվել է հանցագործություն կատարած անձը) oրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով՝ նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով կամ ավելի խիuտ պատժով:

 «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թվականի եվրոպական կոնվենցիայի համաձայն մի պետության տարածքում դատապարտված անձը, հիշյալ Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան, կարող է փոխանցվել մեկ այլ պետության` պատիժը կրելու համար: Այդ կապակցությամբ նա կարող է uույն Կոնվենցիայի դրույթներին համապատաuխան փոխանցումը իրականացնելու մաuին իր ցանկությունը հայտնել Դատապարտող կամ Կատարող պետությանը:

Ըստ որում՝  դատապարտյալի փոխանցման վերաբերյալ խնդրանքը կարող է ներկայացվել ինչպեu Դատապարտող, այնպեu էլ Կատարող պետության կողմից:

Հիշյալ Կոնվենցիայի համաձայն` դատապարտյալը կարող է փոխանցվել մի շարք  պայմանների առկայության դեպքում, որոնցից մասնավորապես, հարկ է նշել տվյալ անձի Կատարող պետության քաղաքացի հանդիսանալու և դատավճռի վերջնական, այն է՝ ուժի մեջ մտած լինելու փաստերը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ Ռուսաստանի Դաշնության հետ, բացի վերը նշված եվրոպական կոնվենցիաներից, գործում են վերը նշված հարաբերությունները կարգավորող ևս երկու միջազգային պայմանագրեր:

«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22 հունվարի 1993 թվականին Մինսկում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան, որով սահմանված են հանցագործություն կատարած անձանց հանձնման գործառույթները կարգավորող հոդվածներ և «Հետագա պատիժը կրելու համար ազատազրկման դատապարտված անձանց փոխանցման մասին» 1998թ. մարտի 6-ին Մոսկվայում ստորագրված ԱՊՀ կոնվենցիան:

Վերը նշված երկու կոնվենցիաներն էլ՝ դրանց կիրառման շրջանակների իմաստով, պարունակում են եվրոպական կոնվենցիաներին համահունչ  դրույթներ:

Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությանյանի «էքստրադիցիան» հնարավոր չէ, նշված միջազգային պայմանագրերի՝ վերջինիս նկատմամբ կիրառելի չլինելու պատճառով:  Հրաչյա Հարությունյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել դատապարտյալների փոխանցման մասին վերը նշված կոնվենցիաներով սահմանված կարգով՝ հետագա պատիժը Հայաստանի Հանարպետությունում կրելու նպատակով, միայն վերջինիս նկատմամբ ՌԴ իրավասու դատարանի կողմից մեղադրական դատավճիռ կայացնելու, ազատազրկման ձևով պատիժ նշանակելու և դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»: