Home / Հայաստան / Հայաստանում հայրենասիրության պակաս չեն զգում, բայց հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ կմշակեն

Հայաստանում հայրենասիրության պակաս չեն զգում, բայց հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ կմշակեն

ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավորությամբ ձևավորվելու է աշխատանքային խումբ, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու «Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ» և դրանից բխող «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր»:

Ինչպես Epress.am-ին ասել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը, աշխատանքային խմբում ընդգրկված են տարբեր պետական գերատեսչություններից ներկայացուցիչներ, ՀԿ-ների անդամներ և ազատամարտիկներ:

Հայրենասիրության քարոզման հայեցակարգի ստեղծումն առաջարկվել է Կրթության և գիտության նախարարության կողմից և հաստատվել է Կառավարության որոշմամբ:

Բաղդասարյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը տրամաբանական շարունակությունն է 1991 թվականից սկսված հայրենասիրական կրթության քաղաքականության:

Հարցին, թե արդյոք նախարարությունը նկատում է հասարակությունում հայրենասիրության պակաս և ինչու է նման նախագիծ առաջ քաշվել հիմա՝ Բաղդասարյանը պատասխանել է. «Հայրենասիրության պակաս չենք նկատում, բայց կարծում եմ՝ հայրենասիրության ավելցուկ չի լինում: Այս ծրագրով՝ ազատամարտիկների, մտավորականների մասնակցությամբ՝ հայրենասիրական կրթությունը ավելի համակարգված կդառնա»:

Նախագիծը պատարստվում են ընդունել նոյեմբերին: 

Լուսանկարը՝ Repartarmenia.org