Home / Տեսանյութեր / Երևանում բարձրացել է տաքսիների ուղեվարձը

Երևանում բարձրացել է տաքսիների ուղեվարձը

Երևանում վերջին օրերին հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին աննկատ է անցել տաքսիների գնի բարձրացումը:

Շաբաթ օրվանից սկսած՝ մի շարք տաքսի ծառայություններ թանկացրել են ուղեվարձը: 1 կմ-ի համար տաքսիստները շարունակում են պահանջել 100 դրամ, սակայն երթևեկելու մինիմալ ուղեվարձը դարձել է 800 դրամ՝ նախկին 500-600 դրամի փոխարեն: Դեռևս կան տաքսի ծառայություններ կամ անհատ վարորդներ, ովքեր մինիմալի գինը չեն բարձրացրել, սակայն օրեցօր ավելի թանկ տաքսիների թիվն ավելանում է: Ինչպես Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է վարորդներից մեկը, մինիմալի բարձրացումը կապված է թե՛ գազի թանկացման, թե՛ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ:

Վարորդի խոսքով՝ մինիմալ 600 դրամի պայմաններում տաքսիով երթևեկելը նույնն է, ինչ հասարակական տրանսպորտով, քանի որ 4 ուղևորի դեպքում տրանսպորտում նույն 600 դրամն են վճարում:

«Համ էլ էս կենտրոնում մինիմալը շատ ծանր ա, սաղ օրը պրոբկեքի մեջ, մինչև 2 կմ գնում ես, կես ժամ ա տևում», – ասել է վարորդը:

Նա նշել է, որ գազի գինն իրականում ավելի քիչ է անդրադարձել տաքսու ուղեվարձի բարձրացման վրա, քանի որ մեկ լիցքավորման դեպքում, որը հնարավորություն է տալիս 180-ից 220 կիլոմետր վարել, այժմ 500-ից 600 դրամ են նախկինից ավել վճարում: