Գլխավոր / Հայաստան / Տրոլեյբուսների վարորդներին ստիպել են դադարեցնել գործադուլը (թարմացված)

Տրոլեյբուսների վարորդներին ստիպել են դադարեցնել գործադուլը (թարմացված)

15:10 Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները վարորդներին ստիպել են դադարեցնել գործադուլը: Վարորդները վերադարձել են գիծ: Տեսանյութը և մանրամասները՝ քիչ անց: 

14:45 Երևանյան 18 տրոլեյբուսների վարորդները գործադուլ են սկսել՝ պահանջելով իջեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրենց վրա դրված պլանը: Այս պահին նրանք կանգնեցրել են տրոլեյբուսները Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Գայի արձանի մոտ գտնվող կանգառում:

Նախկինում 1-ին և 9-ը համարի երթուղիները օրական վճարում էին 12500 դրամ, իսկ 10-ը համարի երթուղին՝ 14500 դրամ: Այն բանից հետո, երբ տրոլեյբուսի ուղեվարձը շաբաթ օրվանից 50 դրամից դարձել է 100 դրամ, օրական վճարվելիք գումարը երկու անգամ բարձրացրել են:

Տրոլեյբուսների վարորդները պնդում են, որ մարդկանց 70-80 տոկոսը նախկինի նման 50 դրամ է վճարում, ու իրենք հնարավարություն չունեն կատարել օրվա պլանը: Բացի դա, նրանք այլևս չեն կարողանում աշխատել բողոքի ակցիաների պայմաններում, որոնց հետևանքով միջադեպեր են գրանցվում: Epress.am-ի հետ զրույցում գործադուլավորները նշել են, որ իրենց համբերության բաժակը լցվել է, երբ վարորդներից երեքի ինքնազգացողությունը վատացել է աշխատանքի ժամանակ:

Նրանցից մեկը՝ Ալյոշա Մուսաելյանը, վիճել է ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստների հետ, քաշքշուկի ընթացքում պատռվել է նրա վերնաշապիկը, ապա վատացել է սիրտը: Վեճի ժամանակ իրեն վատ է զգացել նաև վարորդ Հայկ Դավթյանը, ում հիվանդանոց են տեղափոխել: Ակտիվիստների հետ լեզվակռվից հետո վատացել է նաև Կոլյա Ղուկասյանի ինքնազգացողությունը:

Վարորդները նշում են, որ ակցիաների և բարձրացված օրավավարձի պայմաններում իրենք ի վիճակի չեն աշխատել: