Home / Հայաստան / ԼՂՀ-ում նույնպես խոսել են ուղեվարձի թանկացման մասին

ԼՂՀ-ում նույնպես խոսել են ուղեվարձի թանկացման մասին

Ստեփանակերտի տրանսպորտը սպասարկող ընկերությունները վաղուց են պայքարում սակագների բարձրացման համար, սակայն կառավարությանը դեռ հաջողվել է հետաձգել այդ թակացումները: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը: 

«Մեզ հաջողվել է հետաձգել մինչև թոշակների և աշխատավարձերի բարձրացում: Իսկ դա նախատեսում ենք հունվարի 1-ից»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ Ստեփանակերտում ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններն աշխատում են վնասով և այս տարիներ շարունակ կառավարությունն է փոխհատուցում նրանց վնասների չափը:

Ստեփանակերտում ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները երկուսն են՝ պետական և մասնավոր: Դեռևս վեց ամիս առաջ, կառավարության ղեկավարի խոսքերով, այդ ընկերությունները պահանջել են վերանայել տրանսպորտային փոխադրումների սակագինը՝ 70 դրամը դարձնել 100 դրամ:

Վարչապետի փոխանցմամբ ընկերությունները պահանջում են ուղեվարձը դարձնել 100 դրամ, մինչդեռ կառավարության հաշվարկների համաձայն այն պետք է լինի 85-90 դրամ:

Նշենք, որ հուլիսի 19-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում էր կայացրել Երևանի տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել 50 դրամով, սակայն 6 օր տևած բողոքի ակցիաների արդյունքում, նա ժամանակավոր կասեցրել է ընդունած որոշումը: 

Լուսնակարը՝ forum.jigyarov.net-ի օգտատեր Arev Lusin