Home / Տեսանյութեր / Քաղաքապետը ակցիաների թեման չի քննարկել. Անահիտ Բախշյանը՝ խորհրդակցության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքապետը ակցիաների թեման չի քննարկել. Անահիտ Բախշյանը՝ խորհրդակցության մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր աշխատանքային խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է տրանսպորտի գնի թանկացմանն ու հայտարարել նոր հանձնաժողովի ստեղծման մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է խորհրդակցությանը մասնակցած «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը և ընդգծել, թե ինքը հստակ չգիտի՝ ինչով է զբաղվելու հանձնաժողովը:

Նա նշել է, թե ավելի վաղ քաղաքապետն ասել էր, որ այդ հանձնաժողովը պետք է որոշի սոցիալական խմբերը, որոնք արտոնություններ են ստանալու:

«Ւսկ այսօր հանձնարարվեց իր խորհրդական Ալբերտ Գևորգյանին՝ հասարակության բոլոր շահագրգիռ անդամներին ներկայացնել առաջարկներ՝ տրանսպորտի թանկացման հիմնավորման մասին և կոչ արեց հայտեր ներկայացնել: Այդքան բան ասաց»,- պատմել է Բախշյանը:

Հարցեր տալու իրավունք չունենալու պատճառով ինքը չի կարողացել պարզել հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության նպատակը: 

«Ինչպե՞ս կարելի է օրենքով սահմանված գործընթացը ինչ-որ հանձնաժողովների տալ՝ շատ տարակուսելի է», – ասել է խմբակցության ղեկավարը:

Բախշյանը պատմել է, թե օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ազատ երթուղիներին, և պարզվել է, որ 22 ազատ երթուղի կա, որոնց հետ կապված մրցույթները մինչ այսօր հրապարակային չեն եղել:

«Մեքենա չլինելու պատճառով 22 թափուր երթուղի կա, որոնք չեն գործում: Քաղաքպետը Նավասարդյանին հարցրեց՝ «մրցույթ հայտարարե՞լ եք, ձեզանից բացի ո՞վ է տեղյակ» և հանձնարարեց այսօր կազմել մրցույթի փաթեթները և հայտարարել մրցույթները», -ասել է Բախշյանը:

Վերջինս շեշտել է, թե պաշտոնանկությունների թեմային քաղաքապետի կողմից որևէ անդրադարձ այսօր չի եղել:

«Բացարձակ չխոսվեց այն մասին՝ ինչ տեղի ունեցավ Երևանում այցյալ շաբաթվա ընթացքում, սա ինչ էր նշանակում, ովքեր էին մեղավոր, ովքեր էին պատասխանատուները: Տեղին-անտեղի՝ պատասխանատվության են կանչում  միայն վարչական շրջանների ղեկավարների այն տեղակալներին, ովքեր հարկը լավ չեն հավաքում, ընդհուպ մինչև հեռացման հրաման են տալիս, սակայն երբ հարցում արեցի, պարզվեց՝  նրանք իրենց տեղում էին», – ասել է Բախշյանը:

Epress.am-ի թղթակցի հարցին՝  չի՞ պատրաստվում  քաղաքապետը հանդիպել նստացույցի  մասնակից երիտասարդներին՝ տեղում խնդրին ու պահանջների ծանոթանալու համար՝ Բախշյանը պատասխանել է, թե Մարգարյանը ոչ միայն երիտասարդների, այլև իր ենթակայության տակ գտնվողների հետ չի բարեհաճում հանդիպել:

«Ժամանակին ես էլ էի նրան ընկալում որպես «մեր Տարոնը», որպես Անդրանիկի տղա, ցավոք սրտի ինքը ամեն ինչ անում է, որ այդ սիրուն պիտակը ուղղակի չեզոքանա: Ուղղահայաց վերևից ներքև նույն վիճակն է, ու միայն Տարոնին մեղադրել ճիշտ չէ», – եզրափակել է խմբակցությանը ղեկավարը: