Home / Տեսանյութեր / Սպանված և ծեծված կանայք. բռնության աղմկահարույց դեպքերը Հայաստանում

Սպանված և ծեծված կանայք. բռնության աղմկահարույց դեպքերը Հայաստանում

Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով ամեն տարի տասնյակ կանայք են մահանում և վնասվածքներ ստանում: Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը կարող է որոշակի լուծում տալ խնդրին, համոզված են ընտանեկան բռնության դեմ պայքարողները:

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ արձագանքման խմբի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում ուսումնասիրվել է ընտանեկան բռնության 20 դեպք, 14 դեպք՝ ֆիզիկական բռնության կիրառմամբ, որից 7-ը՝ մահվան ելքով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արագ արձագանքման խմբի անդամ՝ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանը:

Նա անդրադարձ է կատարել ընտանեկան բռնության դեպքերից առավել աղմկահարույց երեքին:

«Առաջին դեպքում ամուսինը՝ Վոլոդյա Մուրադյանը, դանակի 21 հարված է հասցրել ու սպանել է 35-ամյա կնոջը՝ Դիանա Կարապետյանին՝ 17 և 14 ամյա դուստրերի աչքի առաջ: Երկրորդ դեպքը, որը տեղի է ունեցել օրեր առաջ Գյումրիում, կատարվել է խանդի հողի վրա: Ամուսինը՝ Արթուր Չաքմիշյանը, վերադառնալով արտագնա աշխատանքից, 10 տեղից դանակահարել է կնոջը՝ Արփինե Չաքմիշյանին՝ վնասելով կոկորդը, որովայնն ու կրծքավանդակը: Կինը հազիվ է փրկվել. հիվանդանոց հասցրել էին 60/0 ճնշումով», – պատմել է Նիկողոսյանը:

Նա նշել է, որ երրորդն ամուսնու՝ Տիգրան Համբարձումյանի կողմից  դանակի 25 հարված ստացած 29-ամյա Տաթևիկ Նիկողոսյանի դեպքն է:

«Ամուսինները միասին ապրել են շուրջ 13 տարի, որից 10-ը ամուսնու պահանջով Տաթևը չի շփվել ծնողների ու քրոջ հետ: Համատեղ կյանքի ընթացքում ամուսինը  անհեթեթ պատճառներով ամենադաժան ձևերով կնոջը ծեծել էր՝ հարվածել ռետինե խողովակներով, մատները այրել տաք պտուտակահանով  և այլն: Ունեն 7 տարեկան դուստր և 10 տարեկան որդի, որին հայրը ներշնչել է հետևողական լինել մոր նկատմամբ՝ չթողնել նրան տանից դուրս գալ և հետևել ամեն քայլափոխի», – նշել է բանախոսը:

Նրա խոսքով՝ Տաթևը փրկված է, վերջերս դուրս է գրվել հիվանդանոցից, գործը նախաքննության փուլում է:

«Դեպքից հետո ամուսինն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, ցուցմունքներ է տվել: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ մանրամասներ չեմ հրապարակի, կասեմ, որ հարուցված քրեական գործի շրջանակներում Տիգրան Համբարձումյանը որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով՝ սպանության փորձ, որը հանցագործի կամքից անկախ պատճառներով մինչև վերջ չի հասցվել: Կյանքի հետ անհամատեղելի մարմնական  վնասվածքների պարագայում Տաթևի կյանքը հաջողվել է փրկել», – ասել է Արագ արձագանքման խմբի փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Վերջինս նշել է նաև, թե Համբարձումյանի քայլը գիտակցված է եղել, որևէ հոգեկան խեղում ունեցողի վարքագիծ չի դրսևորել:

«Կարծում եմ՝ զոհերի վարքագիծը նպաստում է, որպեսզի բռնություն կիրառողները դառնան ծայրահեղ ագրեսիվ, քանի որ ի սկզբանե նա գոնե դանակ չի գործադրել, ու այդ աղջիկը միշտ ծայրահեղ հանդուրժողականությամբ ընդունել է, որ ինքը պետք է միշտ ծեծվի, խանդվի, այրվի, բանը հասել է բռնության առավելագույն սահմանի: Երևի այդ տղան հոգնել է իր կիրառած հին մեթոդներից և նոր մեթոդ է կիրառել»,- եզրափակել է Սաֆարյանը:

Ասուլիսի մասնակիցները կոչ են արել ընտանեկան բռնության ցանկացած դեպքի վերաբերյալ ահազանգել թե ոստիկանություն, թե դրանցով զբաղվող կազմակերպություններին: Նրանք կարևորել են ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը, որի նախագիծն այս տարի մերժվել էր ՀՀ կառավարության կողմից: Հունիսին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բողոքի ակցիա էր անցկացրել՝ պահանջելով ընդունել օրենքը: