Home / Հայաստան / «Ինչպե՞ս եղավ…». բերման ենթարկված ակտիվիստի մասին ոստիկանությանը հարցեր են ուղղել

«Ինչպե՞ս եղավ…». բերման ենթարկված ակտիվիստի մասին ոստիկանությանը հարցեր են ուղղել

«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը հարցեր է ուղղել ՀՀ ոստիկանությանը՝ կապված այսօր առավոտյան բերման ենթարկված ակտիվիստ, քաղաքապետարանի մոտ անցկացվող նստացույցի աջակից Միհրան Մելքոնյանի դեպքի հետ: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում էր, որ Մելքոնյանը հունիսի 21-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ դասալքության համար դատապարտվելուց և համաներմամբ ազատվելուց հետո ոստիկանական բաժանմունք չներկայանալու համար:

Նախաձեռնությունն ընդգծում է, որ Միհրան Մելքոնյանը դեռևս հուլիսի 27-ին ներկայացել է ոստիկանություն որպես տուժող, իսկ օգոստոսի 8-ին «կարելի է ասել առևանգվել էր ոստիկանների կողմից և ժամեր անց ազատ արձակվել»:

«Օգոստոսի 10-ին ինքը՝ Մելքոնյանը, բռնության ենթարկվելով Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի կողմից, դիմել էր ոստիկանության օգնությանը և գնացել ոստիկանության բաժին:

Եթե Մելքոնյանը հետախուզման մեջ էր, ապա ինչո՞ւ ոստիկանությունը ամսի 27-ին, 8-ին և ամսի 10-ին չձերբակալեց նրան և ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա հիշեց վերջինիս հետախուզման մեջ գտնվելու մասին», – ասված է «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ: