Home / Տեսանյութեր / Ցամաքած գետով հոսող կոյուղաջրերը՝ անասունի վարակի պատճառ. գյուղացիները լուծում չեն տեսնում

Ցամաքած գետով հոսող կոյուղաջրերը՝ անասունի վարակի պատճառ. գյուղացիները լուծում չեն տեսնում

Շուրջ վեց ամիս առաջ Լոռու մարզի Կուրթան համայնքում գրանցված անասունների հիվանդությունը, որը ավելի ուշ 5 կենդանու անկման պատճառ է դարձել, առավել սրվել է վերջին 10 օրերի ընթացքում:

Epress.am-ի հետ զրույցում Կուրթանի համայնքապետի տեղակալ Հարություն Կիրակոսյանը ասել է, որ կենդանիները վարակվում են արոտավայր գնալու և գալու ճանապարհին՝ գյուղի երկայնքով ձգվող ցամաքած Գարգառ գետով հոսող կոյուղաջրերից:

«Առավոտյան ու երեկոյան անասուններն էդ ջրից են խմում, դրանից թուլանում են ու մի քանի օր անց հոգիններն ավանդում: Գյուղի անասնաբույժը հաստատել է, որ պատճառը պիրոպլազմոս հիվանդությունն է, որն առաջանում է կեղտաջրերում ապրող տզերից ու տիղմից: Սոդայաջուր ենք խմացնում, բայց ոչ մի օգուտ չկա», – ասել է Կիրակոսյանը:

Համայնքապետի տեղակալը նշել է, թե գետի հիմնական հոսքը կանգնեցրել են, պատվար են դրել, իսկ գետի ջուրն այժմ հավաքվում է ջրավազանում, որպեսզի դրանով մատակարարվի գյուղի մոտակայքում կառուցված ՀԷԿ-ի աշխատանքը:

«12 մետր լայնությամբ գետը գնում էր Կուրթանի միջով՝ մոտ 500-600 մետր, անասունը խմում էր, կոյուղաջրերի վարակը չէր զգացվում, հիմա հոսող ջուր չկա՝ ջուրը կանգնած է, տիղմի մեջ եղած հիվանդությունները գլուխ են բարձրացրել», -ասել է գյուղապետի տեղակալը:

Կիրակոսյանը նաև մտահոգություն է հայտնել, թե  գետի այդ հատվածով այլևս  ջուր չի հոսելու, իսկ խնդրի լուծման տարբերակներ առայմ իրենք չեն տեսնում:

«Բռունցքով մեխի գլխին կարա՞ս խփես: Գոնե մեկ-մեկ գետի ջուրը թողնեին, մաքրվեր, բայց դա էլ չեն անում: Նամակ ռուսաց թագավորին էլ գրելու ժամանակ չունենք», – եզրափակել է Կիրակոսյանը: