Home / Հայաստան / Թբիլիսիում մտադիր են վերանվանել «Վարդերի հեղափոխության» հրապարակը

Թբիլիսիում մտադիր են վերանվանել «Վարդերի հեղափոխության» հրապարակը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կանվանեն Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի, իսկ Թբիլիսիում «Վարդերի հեղափոխության» հրապարակը՝ Վրաստանի Ազգային-ազատագրական շարժման առաջնորդ Մերաբ Կոստավայի անունով: Վարկածներից մեկի համաձայն՝ Եվրոպայի հրապարակը մտադիր են անվանել Հարյուր հազար նահատակների անունով, իսկ Ռիկե այգին՝ Եվրոպայի հրապարակ, հաղորդում է Georgia Online-ը:

Թբիլիսիի քաղաքային ժողովի նախագահ Իրակլի Շիխիաշվիլիի խոսքով՝ «Վարդերի հրապարակի» անվանափոխությունը ատելության դրսևորում չէ կոնկրետ իրադարձության նկատմամբ:

«Կոստավայի փողոցը սկսվում է հենց Վարդերի հրապարակից, և ցանկալի է, որ հրապարակն էլ կրի Կոստավայի անունը: Ինչ վերաբերում է Եվրոպայի հրապարակը Հարյուր հազար նահատակների հրապարակի վերանվանելուն, ապա դա հենց այն վայրն է, որտեղ նահատակներին խոշտանգումների են ենթարկել: Որոշել ենք Ռիկե այգին վերանվանել Եվրոպայի հրապարակ, որպեսզի մեզ չմեղադրեն եվրոպատյացության մեջ»,- հայտարարել է Շիխիաշվիլին: