Home / Տեսանյութեր / Հանքարդյունաբերական մաֆիայի հետ անհնար է բանակցել. բնապահպանը՝ ուրանի հանքերի մասին

Հանքարդյունաբերական մաֆիայի հետ անհնար է բանակցել. բնապահպանը՝ ուրանի հանքերի մասին

Հայաստանում փորձում են անաղմուկ շահագործել ուրանի հանքերը, ինչը վտանգավոր է բնակչության համար, ահազանգում է բնապահպանը:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը նշում է, որ Մեղրիի ավագանու կողմից Սերժ Սարգսյանին հղած ուղերձը, որում ահազանգվում էր հանքավայրերի շահագործման հետևանքով տարածաշրջանում ստեղծված աղետալի վիճակի մասին, նախագահականից պատասխանի չի արժանացել: Փոխարենը դրան պատասխանել է բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանը:

Սանասարյանն իր տարածած հայտարարության մեջ հայտնում է, որ պաշտոնյան պատասխանում կեղծ տեղեկություն է տարածել՝ ժխտելով Հայաստանի Հանրապետությունում ուրանի և թորիումի առկայությունը, այն դեպքում, երբ բազում են դրանց տարածվածությունն ապացուցող փաստերը:

Բնապահպանը հիշեցնում է, որ դեռևս խորհրդային տարիներին մի շարք արշավախմբեր մասնակցել են ուրանի և այլ ռադիոակտիվ նյութերի որոնումներին, և  նշել շրջանները, որտեղ կա ուրան, այդ դրանց թվում նշվել է նաև Մեղրին: Այդ մասին շատ գիտական գրականություն կա: Նրա խոսքով՝ Հայաստանում ուրանի առկայությունը հաստատվում է նաև այն փաստով, որ 2007 թվին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համաձայնագիր է կնքվել՝ ՀՀ-ում ուրանի և թորիումի հանքավայրերի համատեղ ուսումնասիրության և շահագործման վերաբերյալ: Այդ նպատակով ստեղծված «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպության» կազմած՝ «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոնների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման 2009-2012թթ.» նախագծում անդադարձ է կատարվում նաև Մեղրու հանքերին:

«Պարզից էլ պարզ  է, որ ցրված և արդյունաբերական հեռանկար ունեցող ուրանի ներկայությունը ծածուկ պահելը հատուկ նպատակ է հետապնդում: Ցրված ուրան ասելով՝ պետք է հասկացվի տարբեր հանքավայրերում օգտակար տարրերին ուղեկցող ուրանի այնպիսի ցածր խտություններ, որոնց կորզումը գործնականում հնարավոր չէ և ուրանն ամբողջությամբ մնալու է պոչանքում: Հետևաբար, ցրված ուրան պարունակող հանքավայրերի շահագործումը Հայաստանի նման փոքր տարածք ունեցող երկրում ուղղակի հանցագործություն է: Վստահ եմ, որ հանքարդյունաբերական մաֆիային դա շատ լավ գիտի: Ցրված ուրանի գոյության կոծկումը նրան հնարավորություն է տալիս անաղմուկ, առանց խոչընդոտների շահագործել ցրված ուրան պարունակող հանքավայրերը, իսկ դա նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքի թունավորում՝ հայ ժողովրդի կյանքի ընթացքի կասեցում: Այսօր հանքարդյունաբերական մաֆիայի հետ բանակցելը, նրան մահաբեր ծրագրերի իրականացնելուց հեռու պահելը համարյա անհնար է դարձել: Նրա «թուրը կտրում է» բոլոր ուղղություններով: Հանքարդյունաբերական մաֆիայի թիկունքում է կանգնած ոչ միայն բնապահպանության նախարարությունը, այլև իշխանական բոլոր համակարգերն ու նրանց ձեռքում գտնվող տեղեկատվության միջոցները»,- գրում է Հակոբ Սանասարյանը: