Home / Տեսանյութեր / Վարչապետին և նախարարին հրավիրում են օգտվել վթարային շենքի զուգարանից. ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետին և նախարարին հրավիրում են օգտվել վթարային շենքի զուգարանից. ակցիա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Աջափնյակ համայնքի Սիսակյան փողոցի 3 շենքի բնակիչները վարչապետ Տիգրան Սարգսյանին և Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հրավիրում են իրենց հանրակացարան՝ 1 օր մնալու և սանհանգույցից օգտվելու համար:

Շենքի բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրը:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում վերոնշյալ շենքի բնակիչ Ասպրամ Հայրապետյանը պատմել է, որ շուրջ 7-8 տարի է՝ իրենք ապրում են ահով ու դողով, և ամեն գիշեր քնելուց չգիտեն՝ առավոտյան կարթնանա՞ն, թե ոչ: Ակցիայի մասնակից Սամվել Խաչատրյանը պատմել է, թե 125 բնակիչ ունեցող շենքը ամբողջությամբ գտնվում է կոյուղաջրերի մեջ, սանհանգույցը չի գործում, իսկ շենքի պատերի դիմաքարերը գրեթե ամեն օր պոկվում են՝ վտանգի մեջ պահելով թե՛ բնակիչներին, թե՛ երեխաներին:

«Կոչ ենք անում, որ կառավարությունը որոշակի քայլեր ձեռնարկի, քանի որ քաղաքապետարանը ոչինչ չի անում: Շուրջ 6-7 տարվա  խնդրին լուծում տալու համար համապատասխան աշխատանքները ուշանում են: Մեզ պետք չեն իրենց խոստումները, թե կլուծվի հարցը, բայց ե՞րբ կլուծվի: Չէ՞  որ պանելն էլ չի դիմանում, պանելը ոչ քաղաքական գործչի խոսքն ա լսում, ոչ էլ քաղաքապետի, պանելն իր սև գործն անում է և մի օր մարդիկ մնալու են տակը», – ասել է Հայրապետյանը:

Բողոքող բնակիչները պատմել են նաև, թե իրենք ունեն բոլոր փաստաթղթերը, որտեղ նշված է՝ «անհապաղ տեղահանում և բնակեցում», սակայն պատկան մարմիններից ոչ մեկին մինչ օրս այդ խնդիրը չի մտահոգում:

«ԱԺ-ում որոշում կայացրեցին մեր շենքի առավել վտանգավոր իրավիճակում հայտնված ընտանիքներին տեղափոխել և վերաբնակեցնել Սիսակյան նորակառույց շենքում, սակայն Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեմ է արտահայտվել: Ինչի՞ դեմ արտահայտվեց, ինչի՞ արգելեց, եթե հիմա շենքը փլվի, ինչն անխուսափելի է, և մարդիկ մնան փլատակների տակ, պարոն Արդարադատության նախարարի խղճին ո՞նց է ազդելու: Ինչո՞ւ չմտավ մեր դրության մեջ», -ասել է  Հայրապետյանը:

Վերոնշյալ հասցեի բնակիչները, մինչ կառավարության շենքի մոտ գալը,  բողոքի ակցիա էին անցկացրել քաղաքապետարանի մոտ, սակայն ոչ ոք նրանց չէր ընդունել: Կառավարությունում բողոքողներին ընդունել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ով խորհուրդ է տվել բնակիչների դիմում նամակը վերահասցեավորել Քաղաքաշինության նախարարի անունով: Ղազարյանը նաև խոստացել է խնդիրը ներկայացնել վարչապետին, ով այժմ արձակուրդում է:

Բնակիչները ուղևորվել են քաղաքաշինության նախարարություն, սակայն մինչ 14:30-ը նրանց ոչ ոք չի ընդունել: