Home / Հայաստան / «Այն, ինչը չասվեց Բաքվում». Թոմաս դե Վաալը՝ Պուտինի այցի մասին

«Այն, ինչը չասվեց Բաքվում». Թոմաս դե Վաալը՝ Պուտինի այցի մասին

«Կարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալն իր «Այն, ինչը չասվեց Բաքվում» խորագրով հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկօրյա ադրբեջանական այցին: Հոդվածի թարգմանությունը ներկայացրել է 168.am-ը:

– Օգոստոսի 13-ին Վլադիմիր Պուտինի մեկօրյա այցն Ադրբեջան պարարտ հող հանդիսացավ կրեմլյան շահարկումների համար: Չնայած կողմերի արտահայտած բարեկամության ու սիրո մասին վստահեցումներին և նախագահ Ալիևի՝ «Մենք ունենք շատ մոտ դիրքորոշումներ բոլոր հարցերի շուրջ» հայտարարությանը՝ բանակցությունների պաշտոնական մասը բացահայտեց շատ քիչ բան, ինչն անակնկալ չէր: Դրա համար էլ առավել արդյունավետ է այն բանի վրա կենտրոնանալը, թե ով չժամանեց Բաքու և ինչ չասվեց Բաքվում: Որևէ կերպ չհիշատակվեց Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ), որը Ռուսաստանը լքել (հրաժարվել) է նախորդ տարեվերջին: Պուտինի այցը վկայեց, որ Ռուսաստանը փակված է համարում այդ հարցը: Պուտինը միայն մեկ տողով հիշատակեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, որը հանդիսացել է իր նախորդ Դմիտրի Մեդվեդևի թիվ մեկ արտաքին քաղաքական նախաձեռնությունը: Դա հերթական անգամ ակնհայտ դարձրեց այն, որ դա այն հարցն է, որն առանձնապես չի հետաքրքրում նրան (Պուտինին): Պուտինի մեծ պատվիրակության ֆոնին ակնառու էր «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի բացակայությունը: Նրա փոխարեն պատվիրակության կազմում ընդգրկվել էր Rosneft-ի ղեկավար Իգոր Սեչինը, ով խոշոր համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեց Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ: Rosneft-ը փորձում էր բաժնեմաս ստանալ Աբշերոնի գազային հանքավայրերում, ինչի համար էլ պետք է որ ռուսները հիասթափված հեռացած լինեն, քանի որ նրանք չստացան ընդհանուր բառերով նկարագրված համագործակցության համաձայնագրից ավելին:

Հանդիպումներում չեն արտաբերվել մի շարք կարևոր բառեր, որոնցից մեկն «Ամերիկան» էր: Այն փաստը, որ Ռուսաստանի ղեկավարը Բաքու է ժամանել կես դյուժին նախարարներով, պետք է ադրբեջանցիներին հուշեր, թե որտեղ է պետք փնտրել սեփական առաջնահերթությունները:

Երկրորդ բառը «Հայաստանն» էր: Այցի պատճառներից մեկը ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության քննարկումն էր, ինչը պետք է նյարդայնացներ հայերին և հարկադրեր առավել լրջորեն վերաբերվել Պուտինի Մաքսային միությանը (ռուսական պատվիրակության ազդեցիկ դեմքերից մեկը ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող Rosoboronexport ընկերության ղեկավար Անատոլի Իսայկինն էր: Ալիևը հրապարակավ հայտարարեց, որ Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը կազմում է 4 միլիարդ դոլար): Երրորդ չհնչեցված բառը, որը շարունակում էր «օդում կախված» մնալ «ընտրություններ» բառն էր: Ալիևը գնում է դեպի իր երրորդ նախագահական ժամկետ՝ հոկտեմբերի 9-ին: Այս անգամ սովորաբար անկենսունակ ադրբեջանական ընդդիմությունը որպես միասնական թեկնածու առաջադրել է իրական կշիռ ունեցող, հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի թեկնածությունը: Ընտրապայքարին մասնակցելու համար երկքաղաքացիություն ունեցող Իբրահիմբեկովը պետք է հրաժարվի Ռուսաստանի քաղաքացիությունից՝ մի ընթացակարգ, որը Ռուսաստանի իշխանություններին հնարավորություն է տվել դե-ֆակտո վետո դնել ընտրություններին նրա մասնակցության վրա: Այս մասով ոչինչ չասվեց. երկու կողմն էլ գիտեին, թե ինչ է ցանկանում մյուս կողմը»: