Home / Տեսանյութեր / Ակտիվիստները գիտեն՝ ինչու դատարանը վարույթ չի ընդունում գազի գնի վերաբերյալ հայցերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ակտիվիստները գիտեն՝ ինչու դատարանը վարույթ չի ընդունում գազի գնի վերաբերյալ հայցերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մի խումբ քաղաքացիներ ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ այսօր գազի և էլեկտրաէներգիայի թանկացման որոշման դեմ հերթական բողոքի ակցիա են անցկացրել վարչական դատարանի դիմաց, որի ժամանակ արդեն երրորդ հայցն են ներկայացրել:

«Հայցը արդեն երրորդ անգամ է վերաձևակերպված ներկայացվում, քանի որ նախորդ երկու դեպքերում վարչական դատարանը մերժել էր դրանք վարույթ ընդունել: Անկախ ամեն ինչից ու ամենքից, եթե նույնիսկ վարչական դատարանը 100 անգամ վերադարձնի հայցը, միևնույն է՝ մենք տեր ենք լինելու մեր իրավունքներին ու կրկին անգամ դիմելու ենք դատարան, քանի որ մեր պայքարը ազնիվ է», – ասել է ակտիվիստ Լուսինե Հովսեփյանը:

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով ևս մասնակցել է ակցիային, հայտարարել է, թե իրենք պատրաստ են անցնել դատական հնարավոր ատյաններով՝ փորձելով հարցի կարգավորմանը հասնել օրինական ճանապարհով:

«Դատարանը վախենում է հայցերը վարույթ ընդունել, որովհետև «ՀայՌուսգազԱրդը» ակնհայտ խախտումներով է ներկայացրել փաստաթղթերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Եթե այս անգամ էլ դատարանը վարույթ չընդունի հայցը, ապա մենք կստեղծենք քաղաքացիական դատարան և այդ հարցը կքննարկենք այնտեղ», -ասել է Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է կայացրել, համաձայն որի մեկ կիլովատ էլէներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ: