Home / Հայաստան / Սյունիքի մարզպետը հերքել է, թե իրեն դանակահարել են

Սյունիքի մարզպետը հերքել է, թե իրեն դանակահարել են

Սյունիքի մարզպետ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը հերքել է այսօր առավոտից մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դանակահարել է իրեն: Այս մասին Հակոբյանը ասել է 168.am-ի թղթակցի հետ զրույցում:

Նա նշել է, թե մարզպետ նշանակվելու օրից ինքը ոչ միայն չի հանդիպել Խաչատրյանին, այլև որևէ շփում առհասարակ չի ունեցել:

«Անհեթեթ լուրեր են տարածել, նման բան չի եղել և չէր էլ կարող լինել»,-ասել է Հակոբյանը:

Այսօր առավոտյան դանակահարության մասին լուրը տարածել էր Norlur.am կայքը: Հղում կատարելով իր աղբյուրներին կայքը փոխանցել էր, թե շաբաթ օրը լուսաբացին Խաչատրյանի և Հակոբյանի միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում մարզպետ Վահե Հակոբյանը սուր ծակող-կտրող գործիքից թեթև մարմնական վնասվածք է ստացել Խաչատրյանի կողմից:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը հրաժեշտ էր տվել իր պաշտոնին հունիսի 1-ին իր առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, որի հետևանքով սպանվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: