Home / Հայաստան / ԱԱԾ-ն հաստատում է ադրբեջանցու ձերբակալությունը. նա առանց փաստաթղթերի հատել էր հայ-վրացական սահմանը

ԱԱԾ-ն հաստատում է ադրբեջանցու ձերբակալությունը. նա առանց փաստաթղթերի հատել էր հայ-վրացական սահմանը

Հայ սահմանապահներն օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցու: ԱԱԾ մամուլի կենտրոնից Panorama.am-ին հայտնել են, որ նա ձերբակալվել է սահմանն ապօրինի, առանց փաստաթղթերի հատելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Oրենսգրքի այդ հոդվածը սահմանում է. «Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

Երեկ «Հրապարակը» թերթը` հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին, գրել էր, որ հայ-վրացական սահմանամերձ հատվածում Հայաստանի սահմանապահները ձերբակալել են Սադախլո գյուղի ադրբեջանցի բնակիչ Ալահվերդի Փելենգովին և տարել Հայաստան: Ըստ նույն աղբյուրների, իբրև թե ադրբեջանցին հայտնվել է սահմանային չեզոք գոտում հայ երկու հովիվների հետ, որից հետո եկել են զինվորականները և նրան ձերբակալել են: