Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի հեգնանքն Ալիևի համար մեծ խնդիրներ չի ստեղծի. ռուսաստանցի փորձագետ

Սերժ Սարգսյանի հեգնանքն Ալիևի համար մեծ խնդիրներ չի ստեղծի. ռուսաստանցի փորձագետ

Իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ցանկանում է Իլհամ Ալիևի համար նախընտրական իրավիճակում առավել շատ խնդիրներ ստեղծել: Դա հատկապես արդիական է, քանի որ վերջերս տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի այցը  Բաքու, ինչը Երևանում բավական խանդոտ ու նյարդային արձագանքի արժանացավ: «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կովկասագետների գիտական միության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:

Անցած շաբաթ Սարգսյանը, պատասխանելով հարցին թե, իր կարծիքով, ով է Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրություններում Հայաստանի համար առավել նախընտրելի թեկնածուն, մասնավորապես, հայտարարել էր. «Մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր»:

«Իհարկե, ոչ մի ողջամիտ ու լավ հիշողության տեր մարդ չի կարող Հայաստանի նախագահին կասկածել Ադրբեջանի նախագահին համակրելու մեջ: Հասկանալի է, որ Սարգսյանն իր հայտարարությամբ, առաջին հերթին, հեգնանք է արտահայտում: Նրա հայտարարության իմաստը կայանում է նրանում, որ Իլհամ Ալիևը այնքան թույլ նախագահ է, որ Հայաստանի համար առավել նախընտրելի տարբերակն է»,- Հայաստանի նախագահի խոսքերն է մեկնաբանել Կրիլովը:

Միևնույն ժամանակ, փորձագետի խոսքով, Սարգսյանի հայտարարությունը դժվար թե Ալիևի համար մեծ խնդիրներ ստեղծի:

«Իհարկե, ընդդիմադիր ուժերը դեռ երկար կփորձեն այդ թեմայի շուրջ չարախնդալ, բայց մեծ հաշվով, դա իրավիճակի վրա չի ազդի: Բայդ այստեղ դեռևս առկա է նաև ներհայկական գործոնը: Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը պետք է իր վարկանիշը բարձրացնի Հայաստանի ներսում: Նման հայտարարությունները կոչված են մեծացնել նրա ժողովրդականությունը երկրում»,- հայտարարել է Կրիլովը: