Home / Տեսանյութեր / Գերի ընկած հայ զինվորը կարող է վերադառնալ տուն, վստահեցնում են Ադրբեջանում

Գերի ընկած հայ զինվորը կարող է վերադառնալ տուն, վստահեցնում են Ադրբեջանում

Գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետկոմիտեն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերու վերադարձի հարցում ոչ մի խնդիր չի տեսնում: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Պետկոմիտեի քարտուղար Շահին Սաիլովը:

Նրա խոսքով՝ սահմանը խախտելու պատճառը պարզելուց հետո, Հակոբ Ինջիղուլյանը կարող է վերադարձվել Հայաստան կամ, իր ցանկությամբ, կարող է ուղարկվել երրորդ երկիր, հաղորդում է Haqqin.az կայքը:

«Երեկ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանի գրասենյակի ներկայացուցիչներն արդեն հանդիպում են ունեցել հայ զինվորի հետ: Հնարավոր է, որ երեկ արդեն պարզվել է՝ նա ուզում է վերադառնալ Հայաստա՞ն, թե՞ ուղարկվել մեկ այլ երկիր: Ամեն ինչ կախված է նրա ցանկությունից: Մենք դրանում որևէ խնդիր չենք տեսնում», – ասել է Սաիլովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՊՆ-ի ձեռնարկած նախաքննության արդյունքները թույլ են տալիս պնդել, որ Հակոբ Ինջիղուլյանի արարքում բացակայում է հանցակազմը: Հիմնավորվել և ապացուցվել է, որ նա հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում հայտնվել է բացառապես մոլորվելու հետևանքով, և հայրենիք վերադառնալու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու: