Home / Տեսանյութեր / ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Բնակիչները պայքարում են շինարարության դեմ. վեճ ոստիկանի հետ

ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Բնակիչները պայքարում են շինարարության դեմ. վեճ ոստիկանի հետ

Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ բողոքող բնակիչները պատրաստ են պայքարել այնքան ժամանակ, մինչև շինտեխնիկան դուրս կբերվի շինհրապարակից: Այս մասին բնակիչներն ասել են Epress.am-ի թղթակցին:

Բնակիչները դեռևս 1 շաբաթ առաջ կայացած բողոքի ակցիայի ժամանակ ներկայացրել էին իրենց պահանջները: Նրանք պնդում են, որ շենքը չպետք է կառուցվի, քանի որ գտնվում է իրենց շենքերին շատ մոտ և խանգարում է լուսավորությանը:

Այսօր առավոտյան շինարարությունը վերսկսվելուց հետո բնակիչները և նրանց միացած ակտիվիստները մեկ-երկու հոգով  կանգնել են շինհրապարակը շրջապատող պարիսպների մոտ ու հայտարարել, թե դուրս կգան միայն շինտեխնիկայից հետո:

Ակտիվիստների հետ ներսում է եղել նաև ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով Epress.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե շինարարությունն ապօրինի է ու ինքը մնալու է այնքան ժամանակ, մինչև որոշում կկայացնեն դադարեցնել այն ու տարածքը կրկին վերադարձնեն բնակչությանը:

Մի քանի ժամ տևած ակցիայի ընթացքում տարածք են ժամանել ԱԻՆ աշխատակիցները, շտապօգնության բրիգադները, մեծ թվով ոստիկանական մեքենաներ:

Ոստիկանները, որոնք պատ կազմած երկար ժամանակ լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ դարպասներին և նկարահանումներ իրականացնել նշված տարածում, պատճառաբանել են, թե հոգ են տանում լրագրողների անվտանգության համար:

Ավելի ուշ Արաբկիրի ոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը մի քանի րոպեով թույլ է տվել նրանց մտնել շինհրապարակ: Այդ ընթաքում ոստիկաններից մեկը բարձրախոսով հայտարարել է, թե 5 րոպե ժամանակ է տալիս ներսում պայքարող ակտիվիստներին տարածքը լքելու համար, ինչին վերջինները արձագանքել են՝ «տեխնիկա՝ դուրս, դուրս»:

Մի քանի րոպե անց ոստիկանները և ԱԻՆ աշխատակիցները մոտեցել են Խզմալյանին, բռնել ձեռքերն ու ոտքերը և քարշ տալով տարել դեպի դարպասները, բռնի ուժով նստեցրել ոստիկանական մեքենան ու տարել ոստիկանության բաժին, որտեղ վարչական իրավախախտման մասին արձանագրություն են կազմել: Ակցիա անցկացնող բնակիչները փակել են Խզմալյանին տեղափոխող մեքենայի ճանապարհը, սակայն հատուկ ջոկատայիններն ու ոստիկանները ուժ կիրառելով հեռացրել են նրանց, բացելով մեքենայի ճանապարհը: Նշենք, որ ակցիայի ժամանակ տարեց մի տղամարդ զայրացած հարձակվել է և թքել է Արաբկիրի ոստիկանապետ Արայիկ Պետրոսյանի ուղղությամբ: Բնակչին բարկացրել էր այն փաստը, որ ոստիկանապետը անպարկեշտ արտահայտություններ էր արել իր թոռնիկի՝ Լուսինեի հասցեին, ով նույնպես մասնակցում էր ակցիային: Լրագրողների հետ զրույցում պապը և թոռն այդպես էլ չասացին, թե ինչ է ասել Պետրոսյանը՝ նշելով, որ չեն կարող հրապարկայնորեն արտաբերել հայհոյանքը: 

Հեռվում պատի մոտ նստած է ակտիվիստ Անուշավանը

Խզմալյանին բերման ենթարկելուց հետո շինհրապարակում գտնվող Անուշավան անունով ակտիվիստը կտրել է աջ ձեռքի երակները՝ հայտարարելով, որ նույնը կանի ձախ ձեռքի հետ, եթե Խզմալյանին բաց չթողնեն: Ակտիվիստին համոզել են դուրս գալ շինարարության տարածքից, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: