Home / Հայաստան / Պուտինի այցն Ադրբեջան Հայաստանի հետ որևէ կապ չունի, կարծում է քաղաքագետը

Պուտինի այցն Ադրբեջան Հայաստանի հետ որևէ կապ չունի, կարծում է քաղաքագետը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան բազմաթիվ նպատակներ էր հետապնդում, բայց Հայաստանի հետ որևէ կապ չուներ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ Պուտինի՝ Բաքու այցի վերաբերյալ Հայաստանում հնչեցված մեկնաբանություններն ավելի շատ կապված են որոշ խմբերի ու ԶԼՄ-ների «վախեցած ընկալման», քան իրականության հետ: Մատնանշելով Պուտինի պատվիրակության կազմը, որի մեջ ընդգրկված էին «Ռուսնավթի» ու «Լուկօյլի» ղեկավարները, Իսկանդարյանն ասել է, որ այցի հիմնական նպատակն էներգակիրների, դրանց փոխադրման հարցն է եղել:

Փորձագետի կարծիքով՝ ոչ պակաս կարևոր գործոն էր նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները «կարգի բերելու» անհրաժեշտությունը, ինչես նաև Ալիևին նախագահական ընտրություններից առաջ որոշակի աջակցության ցուցաբերումը:

«Շատերը կարծում են, որ այս այցը նախընտրական գործընթացների հետ որևէ կապ չուներ, քանի որ Ալիևը կվերընտրվի նաև առանց Պուտինի աջակցության: Սակայն ակնհայտ է, որ Պուտինից է կախված՝ արդյոք Իբրագիմբեկովը Ռուսաստանի քաղաքացի լինելու մասին տեղեկանքը շուտ կստանա, թե՝ ուշ, կամ ընդհանրապես չի ստանա: Դրանից կախված կլինի ընտրությունների, ինչպես նաև հետընտրական գործընթացների հանգիստ անցնելը»,- հայտարարել է Իսկանդարյանը: Միևնույն ժամանակ, փորձագետը կասկած չունի, որ Իլհամ Ալիևը կվերընտրվի Ադրբեջանի նախագահի պաշտոնում: