Home / Տեսանյութեր / Սահմանադրության փոփոխությունից հետո Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա. աղբյուր

Սահմանադրության փոփոխությունից հետո Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա. աղբյուր

Հայաստանի իշխանական վերնախավում որոշում է կայացվել 2014 թվականին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, իր այսօրվա համարում գրում է «168 ժամ» պարբերականը՝ նշելով, որ նման տեղեկություններ են շրջանառվում քաղաքական կուլիսներում:

Ըստ թերթի՝ նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Հայաստանում վերացնել կիսանախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանական կառավարմամբ:

«Ըստ այդմ, նախագահին վերապահվելու են բացառապես խորհրդանշական լիազորություններ, իսկ դե ֆակտո իշխանության ղեկավարը դառանալու է վարչապետը: Այս սցենարով, ըստ իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի, նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին կարող է հրաժարական ներկայացնել և գլխավորել ՀՀԿ համամասնական ցուցակը այդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ դրանից հետո զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Նշենք, որ նույն աղբյուրների համաձայն, արդեն իսկ որոշվել է, որ սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովը ղեկավարելու է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կստեղծվի այս տարվա դեկտեմբերին», – գրում է «168 ժամ»-ը:

Թերթը հիշեցնում է նաև, որ սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին խոսակցությունները սկսվել են այս տարվա նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին անգամ առաջարկել է գլխավորել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, ինչից վերջինս հրաժարվել է:

Իշխանական շրջանակներում քննարկվող վարկածի համաձայն, Սահմանադրական փոփոխությունների իրականացման պաշտոնական բացատրությունը կլինի այն, որ նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից հետո անհրաժեշտություն է առաջանալու Հայաստանի օրենսդրությունը համահունչ դարձնել Եվրոպական Միության երկրների օրենսդրությանը: Ասոցացման համաձայնագրում այդպիսի կետ կա, ու սահմանադրական փոփոխությունների նախաձեռնություն սկսելիս հղում է կատարվելու հենց այդ կետին:

Հոդվածն ամբողջությմաբ «168 ժամ» պարբերականի այսօրվա համարում