Home / Հայաստան / Նստացույցի աջակից ևս մեկ ակտիվիստի վրա հարձակվել են

Նստացույցի աջակից ևս մեկ ակտիվիստի վրա հարձակվել են

Երեկ երեկոյան, ժամը 23:10-ի սահմաններում մարզական հագուստով անհայտ անձինք հարձակվել են քաղաքապետարանի մոտ արդեն 1 ամիս ընթացող նստացույցի աջակից Միքայել Տոնոյանի վրա: Այս մասին հայտնում է լրագրող, ակտիվիստ Թեհմինե Ենոքոյանը, ում դեպքի մասին տեղեկացրել է ինքը՝ Տոնոյանը:

Հարձակվողները, մասնավորապես, հարցրել են Տոնոյանին. «Դուք նստացույցի մասնակի՞ց եք: Դուք մեր հերերին եք կպնու՞մ… էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել»:

Հարձակման մասին այլ մասնրամասներ Ենոքյանի հաղորդագրության մեջ չեն նշվում:

Տոնոյանը վերադարձել է նստացույցի վայր և պահանջել ոստիկանությունից իրեն տեղափոխել բաժին, որպեսզի դեպքի առնչությամբ փաստն արձանագրվի:

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր՝ ժամը 01:30-ի սահմաններում, «Արարատ» հյուրանոցի մոտ 10 հոգի ծեծի էին ենթարկել ակտիվիստներ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին: Ինչպես ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել էր բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, սկզբում անծանոթ երիտասարդները ակտիվիստներին հարցրել են՝ արդյոք նրանք մասնակցում են նստացույցին, և դրական պատասխան լսելուց հետո «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով` սկսել են ծեծի ենթարկել նրանց:

Հարձակումների դեպքերի հետ կապված նստացույց անցկացնող Գոռ Առաքելյանը, Սուրեն Սահակյանը և Վահագն Մինասյանն այսօր 12:00-ին քաղաքապետարանի մոտ մամուլի ասուլիս են հրավիրում: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը: