Home / Տեսանյութեր / «Ոստիկանությունը՝ սեռական անբավարարվածությամբ տառապողների ոհմակ». ակցիա (ՎԻԴԵՈ)

«Ոստիկանությունը՝ սեռական անբավարարվածությամբ տառապողների ոհմակ». ակցիա (ՎԻԴԵՈ)

Այսօր Երևանում ավելի քան 100 քաղաքացիներ երթ են անցկացրել՝ պահանջելով պատժել օրինախախտ ոստիկաններին:

Երթի մասնակցել են ավելի քան հարյուր քաղաքացիներ, նրանք դատապարտել են Երևանի քաղաքապետարանի դիմաց և Կոմիտաս 5 հասցեում կայացած բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիներին վիրավորելու, սպառնալու, ծեծի ենթարկելու, ավելի քան 40 ակտիվիստների անհարկի բերման ենթարկելու դեպքերը:

Քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց, սակայն հսկողություն իրականացնող ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, թույլ չեն տվել ակցիան անցկացնել տվյալ վայրում և հորդորել են անցնել դիմացի մայթ:  

Մինչ երթը սկսելը իրավապաշտպան Արթուր Սաքունցը, գրող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, լրագրող Արգիշտի Կիվիրյանը ելույթներ են ունեցել՝ մեկնաբանելով ոստիկանսւթյան վերջին օրերի վարքը որպես քաղաքացիական պայքարը կոտրելու, մարդկանց մեջ վախ սերմանելու գործող իշխանության փորձեր:  

Կիվիրյանը, մասնավորապես, հիշեցնելով Կոմիտաս 5-ում ապօրինի շինարարության դեմ տրվող պայքարի օրերին ոստիկանության թույլ տված ոտնձգությունները, ասել է, որ ոստիկանությունը սեռական անբավարարվածությամբ տառապողների ոհմակի է նման, ինչին ի պատասխան Վալերի Օսիպյանը խնդրել է ելույթ ունեցողներին «կոռեկտ պահել»: Այդ պահին հավաքվածները սկսել են վանկարկել «Ոստիկան, հեռացիր»:

Ելույթներից հետո ակտիվիստները ուղևորվել են դեպի Գլխավոր դատախազություն: Ճանապարհին նրանց միացել են այլ քաղաքացիներ ևս: Երթի մասնակիցները վանկարկել են՝ «ՀՀ ոստիկանություն, այ քեզ խայտառակություն», «Հանցագործություն, «Սեռագարություն», «Մենք սվոյ ենք, օլիգարխներն են «չուժոյ»: 

Դատախազության մոտ Զառա Հովհաննիսյանն ընթերցել է երթի մասնակիցների պահանջը՝ քրեական գործ հարուցել ոստիկանների կողմից բռնության դեպքերի առթիվ և պատասխանատվության կանչել օրինախախտ ոստիկաններին:

«Մենք սրանով չենք ավարտում, իհարկե, ՀՀ ոստիկանապետից և գլխավոր դատախազից սպասում ենք ոչ միայն մեր պահանջների ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացում, այլև հաշվետվության ներկայացում ՀՀ քաղաքացիներին»,-ասել է Արթուր Սաքունցը:

Ոստիկանության անօրինականությունների դեմ պայքարող խմբի հետագա քայլը լինելու է հավաքված փաստերի հիման վրա հանրային լսումների անցկացումը, որին մասնակցելու համար հրավիրելու են միջազգային կազմակերպություների ներկայացուցիչների և ոստիկանության աշխատակիցների: Կազմակերպիչները պատրաստվում են միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել, թե ինչ օգուտ են տվել պետությանը տրամադրված միջազգային գրանտերը, որոնց հաշվին պետք է  բարեփոխվեր իրավապահ համակարգը: