Home / Տեսանյութեր / «Օգտվել է իմ թուլացած վիճակից». ակտիվիստը՝ ոստիկանի համբույրի մասին

«Օգտվել է իմ թուլացած վիճակից». ակտիվիստը՝ ոստիկանի համբույրի մասին

Օգոստասի 24-ին Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի  մասնակից, ակտիվիստ Շողիկ Մելքոնյանին շատ է զարմացրել համացանցում հայտնված լուսանկարը, որտեղ պարզ երևում է՝ ինչպես է ոստիկանը շրթունքները հպել իր պարանոցին: Այս մասին Մելքոնյանն ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Ակտիվիստը նշել է, թե բախումների ընթացքում ոստիկաններն  աչքի են ընկել ակնհայտ անթույլատրելի գործողություններով, ու նրանցից մեկը, օգտվելով իր շփոթված վիճակից, համբուրել է պարանոցը:

«Նա անընդհատ հետապնդում էր ինձ, հոգատար ոստիկանի դեր էր խաղում  ու փորձում էր հեռացնել փողոցից, ասում էր, որ ես լավ չեմ զգում, ջրի կարիք ունեմ: Ես անգամ չեմ զգացել՝ ինչպես է դա տեղի ունեցել, իմացա միայն, երբ ընկերներս ցույց տվեցին նկարը», – պատմել է ակտիվիստը:

Նրա պնդմամբ՝ իրենց ունեցած տեսագրություններում երևում է, թե ինչպես է ինքը շնչահեղձ լինելով դիմում ոստիկանին՝ պահանջելով հեռու մնալ իրենից, չկանգնել իր ճանապարհի ու մատով չկպնել:

«Անգամ ընկերներիցս մեկը եկավ ու ինձ հեռացրեց իրենից, բայց քանի որ ոստիկանը անընդհատ ինձ հետևում էր՝ ասելով, թե՝ «դուք լավ չեք զգում, ինչի՞ կարիք ունեք, ջուր բերե՞մ և այլն», փաստորեն դրանից հետո իմ թուլացած վիճակից օգտվելով՝ առիթը բաց չի թողել», – պատմել է Մելքոնյանը:

Ակտիվիստի խոսքով՝ ամենասարսափելին տեղի է ունեցել ավելի ուշ, երբ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրամայել է իրեն բերման ենթարկել:

«Մի խումբ կարմիր բերետավորներ հարձակվեցին վրաս ու բռնի ուժով փորձում էին նստեցնել ոստիկանական մեքենան, ես էլ դիմադրում էի, այդ պահին ինձ մոտ եկավ Արաբկիրի ոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը ու հատուկ մոտեցավ ականջիս, ինչը ինքը հատուկ էր անում, որպեսզի իր հայհոյանքը կողքինները չլսեն ու դու էլ ամաչես հրապարակել և մեքենա նստեցնելու պահին ցածրաձայն սեռական բնույթի հայհոյանք տվեց, որը ես անմիջապես հանրության առաջ հրապարակեցի: Կոչ եմ անում բոլոր կանանց ու աղջիկներին, ում նկատմամբ Արայիկ կոչվածը բռնություն է կիրառել, կամ հայհոյել, թող չամաչեն ու բարձրաձայնեն՝ դա մեր լեքսիկոնը չէ, որ ամաչենք կրկնել: Միայն դրանով կարող ենք մերկացնել նմանատիպ երևույթներին»,- եզրափակել է Մելքոնյանը: