Home / Տեսանյութեր / Ինչպես են «աշխարհի տիրակալներն» օգտագործում մեդիան. 10 ռազմավարություն՝ ըստ Նոամ Չոմսկու

Ինչպես են «աշխարհի տիրակալներն» օգտագործում մեդիան. 10 ռազմավարություն՝ ըստ Նոամ Չոմսկու

Ամերիկացի հայտնի փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի լեզվաբանության պատվավոր պրոֆեսոր Նոամ Չոմսկին կազմել է «աշխարհի տիրակալների» կողմից մեդիայի միջոցով բնակչության ձեռնածության ենթարկելու ամենաուժեղ և արդյունավետ 10 ռազմավարությունների ցուցակը: Utopiana.am կայքում տեղադրված Չոմսկու տեքստը թարգմանել են Հուսիկ Ղուլյանը, Նազարեթ Կարոյանը և Աննա Ավետիսյանը:

– Այդ ռազմավարություններն այնքան կատարյալ են մշակված, որ մաֆիաների ուժի և տեռորի զոհն են դառնում նույնիսկ լավագույն կրթահամակարգեր ունեցող երկրները: Շատ երևույթների մասին են հաղորդում նորությունները, մինչդեռ մեկնաբանվում են քչերը:

Երկու հակասական տեսակետներով պատմությունները հավասարակշռելու լրագրողական միտումը բերում է «պատմությունները հարցի պաշտպաների և նրանց հակառակորդների առճակատման շուրջ կառուցելու» միտման (Ricci 1993: 95): Այսպես, աղբահանության կամ կոյուղու հետ կապված խնդիրները, չնայած դրանց կարևորությանը, լուսաբանվում են միայն այն ժամանակ, երբ ծագում է պայքար աղբի թաղման (զգայուն լանդշաֆտային գոտինորում-Հ.Ղ.) կամ այրման հարցերի շուրջ: Այնուհետև, այդ խնդիրներն ու դրանց տեխնիկական հիմքերը լուսաբանելու փոխարեն լուսաբանվում են «տուժած քաղաքացիների դժգոհությունը կամ կորպորատիվ խոսնակների, պետական կարգավորող մարմինների և բնապահպան ակտիվիստների միմյանց հակասող պնդումները» (Gersh 1992: 16):

Մեդիայի գործը ոչ թե տեղեկացնելն է, այլ՝ ապատեղեկացնելը. շեղել հանրության ուշադրությունը այն կարևոր հետևանքներից և փոփոխություններից, որոնք առաջացել են քաղաքական և տնտեսական էլիտաների ընդունած որոշումներից ` դրա համար կիրառելով ժամանցային ու ոչ կարևոր տեղեկատվության հեղեղման կամ շարունակական հեղեղման տեխնիկան:

Բարձրագույն իշխանական և կորպորատիվ աղբյուրներին մուտք ունեցող լրագրողները պետք է կանգնեն նրանց կողքին՝ չհրապարակելով որևէ հակադիր բան նրանց և նրանց կազմակերպությունների մասին: Հակառակ դեպքում, նրանք կզրկվեն տեղեկատվական այդ աղբյուրներից: Նման լոյալության դիմաց այդ աղբյուրները ժամանակ առ ժամանակ նրանց տրամադրում են լավ պատմություններ, տեղեկատվական արտահոսքեր և հատուկ հարցազրույցների հնարավորություն: Ոչ պաշտոնական տեղեկատվությունը կամ տեղեկատվական արտահոսքերը թողնում են հետաքննական լրագրության տպավորություն, մինչդեռ սովորաբար դրանք իշխանությունում գտնվողների կողմից ռազմավարական խուսանավումներ են (Ricci 1993: 99). «Լրագրության դառը հեգնանքն այն է, որ ամենից շատ հարգված լրագրողները ամենալոյալն են: Ծառայելով իշխանություններին՝ նրանք տիրանում են «լավագույն» աղբյուրներին» (Lee and Solomon 1990: 18). 

10 ռազմավարությունները

1. Շեղման ռազմավարությունը

Սոցիալական վերահսկման առաջնային տարրը շեղման ռազմավարությունն է, որի էությունը հանրության ուշադրության շեղումն է կարևոր այն հետևանքներից և փոփոխություններից, որոնք առաջացել են քաղաքական և տնտեսական էլիտաների ընդունած որոշումներից՝ դրա համար կիրառելով ժամանցային  կամ կարևորություն չունեցող տեղեկատվության հեղեղի կամ շարունակական հեղեղման տեխնիկան: Շեղման ռազմավարությունը կարևորվում է նաև գիտության, տնտեսագիտության, հոգեբանության, նեյրոկենսաբանության և կիբեռնետիկայի ոլորտի հիմնարար գիտելիքների նկատմամբ հասարակության հետաքրքրության աճը խոչընդոտելու գործում: «Հանրային ուշադրությունը, պահել իրական սոցիալական խնդիրներից հեռու՝ այն զբաղեցնելով իրական կարևորություն չունեցող հարցերով: Հանրությանը պահել անընդհատ զբաղված` զրկելով նրան մտածելու ժամանակից. արոտավայրից անմիջապես ախոռ` մյուս կենդանիների մոտ» (Մեջբերված է  Silent weapons for quiet wars).

2. Ստեղծել խնդիրներ, ապա` առաջարկել լուծումներ

Այս մեթոդը հայտնի է նաև “խնդիր-հակազդեցություն-լուծում” անունով: Նախ, ստեղծվում է խնդիրը` որևէ  «իրավիճակ», որը հանրային լսարանում կհարուցի որոշակի հակազդեցություն, և կդրդի նրան ցանկանալ այնպիսի լուծումներ, որոնք՝ հանրությանը ընդունել տալու նպատակ էր հետապնդվում: Օրինակ, թույլ տալ քաղաքային բռնության աճ կամ կազմակերպել արյունալի հարձակումներ, որպեսզի հասարակությունը հանդես գա ազատությունը սահմանափակող անվտանգության օրենքի պահանջով: Կամ, ստեղծել տնտեսական ճգնաժամ, որպեսզի հասարակությունը, որպես փոքրագույն չարիք, հրաժարվի որոշ սոցիալական իրավունքներից:  

3. Աստիճանական ռազմավարությունը

Անընդունելի լուծումներ ընդունել տալու համար բավական է դրանք կիրառել աստիճանաբար, տարեցտարի, որպեսզի հասարակությունը չզգա և չհասկանա դրանք: Այս կերպ 1980-1990-ականների ընթացքում ներդրվեցին սոցիալ-տնտեսական արմատապես նոր պայմաններ (նեոլիբերալիզմ): -պետության նվազագույն միջամտություն, -մասնավորեցում, -անկայունություն, -ճկունություն, -զանգվածային գործազրկություն, -աշխատավարձ – չերաշխավորված պատշաճ եկամուտ , …փոփոխություններ, որոնք միանգամից կյանքի կոչվելու պարագայում կծնեին հեղափոխություն:

4. Հետաձգման ռազմավարությունը

Ոչ պոպուլյար որոշումը ընդունելի դարձնելու մյուս ճանապարհը այդ որոշումը «ցավոտ, բայց անհրաժեշտ» ներկայացնելն է` ստանալով ներկայում հանրության համաձայնությունը ապագայում դրա կիրառման համար: Ավելի հեշտ է ընդունել ապագա զոհաբերությունը, քան ներկա զրկանքը, քանի որ. -ջանքը չի գործադրվում ամիջապես, -հասարակությանը բնորոշ է միամտորեն հավատալ, որ «վաղն ամեն ինչ ավելի լավ կլինի» և գուցե, հնարավոր լինի խուսափել պահանջվող զոհաբերությունից, – հասարակությունը ժամանակ է ունենում հարմարվել փոփոխության գաղափարին և անտրտունջ ընդունել այն, երբ կգա դրա ժամանակը:

5.Հանրությանը վերաբերվել իբրև փոքր երեխայի

Լայն հասարակությանն համար նախատեսված գովազդի մեծ մասում խոսքը, փաստարկը, կերպարները և մանավորապես մանկական, հաճախ փխրուն, ձայներանգը օգտագործվում է  այնպես, որ դիտորդը, ասես, լինի փոքրահասակ երեխա կամ մտավոր առումով թերհաս: Որքան ավելի շատ ենք փորձում խաբել դիտորդի հայացքը, նույնքան ավելի ենք ձգտում ընդունել մանկական տոն: Ինչու՞: «Եթե դիմացինիդ դիմում ես այնպես, կարծես նա 12 տարեկան լինի, ապա ներշնչանքի բերումով, ամենայն հավանականությամբ, նրա պատասխանը կամ արձագանքը նույնքան զուրկ կլինի քննադատությունից, որքան 12-ամյա երեխայինը”:    

6. Ավելի շատ օգտագործել հուզական կողմը քան հայեցողությունը

Հուզական կողմի օգտագործումը դասական տեխնիկա է՝ շարքից հանելու համար ռացիոնալ վերլուծությունը և անհատի քննադատական մտածողությունը։ Ավելին, օգտագործելով հուզուկան ռեգիստր հնարավոր է բացել անգիտակցականի դուռը`այնտեղ արմատավորելու համար մտքեր,  ցանկություններ, վախեր, չգիտակցված ձգտումներ կամ ներածելու համար վարվելակերպեր

7. Հասարակությունը պահել անգիտության և միջակության մեջ

Դարձնել հանրությանը անընդունակ՝  որպեսզի նա չհասկանա իրեն վերահսկելու և ստրկացնելու համար օգտագործվող տեխնոլոգիաներն ու մեթոդները: «Ցածր սոցիալական խավերին հրամցվող կրթության որակը պետք է լինի հնարավորինս աղքատ ու միջակ, այնպես, որ տգիտության նախատեսվող անդունդը  սոցիալական ցածր և բարձր խավերի միջև ցածր խավերի համար լինի և մնա անհաղթահարելի  » (See Silent Weapons for Quiet Wars).

8. Խրախուսել հասարակությանը սիրել միջակությունը

Հանրությանը մղել հավատալու, թե բութ, վուլգար և անկիրթ լինելը «մոդայիկ» է…

9. Ընդվզման փոխարինումը մեղավորության զգացմամբ

Թույլ տալ, որ անհատներն իրենք մեղադրեն իրենց անհաջողությունների համար՝ դրանց պատճառը փնտրելով  իրենց ինտելեկտի, կարողությունների կամ ջանքերի ձախողման մեջ: Արդյունքում, տնտեսական համակարգի դեմ ըմբոստանալու փոխարեն անհատը տրվում է ինքնաարժեզրկման և  ինքնախարազանման, ինչն էլ, իր հերթին, ծնում է դեպրեսիվ իրավիճակ, որի արդյունքներից մեկը գործողություններից զերծ մնալն է: Իսկ առանց գործողությունների չկա հեղափոխություն:     

10. Անհատների մասին իմանալ ավելինքան իրենք գիտեն իրենց մասին

Վերջին 50 տարիների ընթացքում գիտական կտրուկ առաջընթացն անընդհատ մեծացող անդունդ է ստեղծել հանրության և իշխող էլիտաների տիրապետած և գործածած գիտելիքների միջև: Կենսաբանության, նեյրոկենսաբանության և կիրառական հոգեբանության զարգացման շնորհիվ «համակարգին» հասանելի են դարձել մարդու ֆիզիկական և հոգեկան բնույթի վերաբերյալ բարդ ըմբռնումներ: «համակարգն» ավելի լավ է ճանաչում հասարակ մարդուն, քան ինքը`մարդն է իրեն ճանաչում:  Դա նշանակում է, որ առավել հաճախ համակարգն ավելի մեծ հսկողություն և ազդեցություն ունի անհատների նկատմամաբ, քան անհատներն իրենք իրենց նկատմամբ:  

Օգտագործվել են տեքստի հետ Utopiana.am-ում տեղադրված լուսանկարները