Home / Հայաստան / Հայազգի ոստիկանը ԱՄՆ-ում բողոքարկել է իր պաշտոնի իջեցումը և հաղթել

Հայազգի ոստիկանը ԱՄՆ-ում բողոքարկել է իր պաշտոնի իջեցումը և հաղթել

Լոս Անջելեսի Գլենդեյլ քաղաքում հայկական ծագում ունեցող ոստիկանը վերականգնվել է սերժանտի պաշտոնում՝ իր պաշտոնի իջեցումը հաջողությամբ բողոքարկելուց հետո: Սերժանտ Վահագ Մարդիկյանը, պաշտոնյաների պնդմամբ, ճնշել ու ոտնձգությունների էր ենթարկել իր աշխատակիցներին:

Չորեքշաբթի օրը Գլենդեյլի Քաղաքացիական ծառայության հանձնաժողովը երկար քննարկումներից հետո Մարդիկյանի պաշտոնի իջեցումը չեղյալ է համարել: Վերջինիս փաստաբանը՝ Փիթեր Հորթոնը, ասել է, որ այս որոշումն իր պաշտպանյալի համար անձնական հաղթանակ է, և նա չի համբերում՝ երբ է աշխատանքի վերադառնալու:

Մարդիկյանը արձակուրդ էր ուղարկվել 2011 թվականի փետրվարին, այնուհետև՝ 2012 թվականի հունվարին, իջեցրել էին նրա պաշտոնը՝ դարձնելով շարքային ծառայող:

Հայազգի ոստիկանը բողոքարկել էր որոշումը, իսկ դատական լսումներն, իր ցանկությամբ, բաց էին հանրության առջև՝ դատական գործընթացների ու իր դեմ ապացույցների թափանցիկությունն ապահովելու համար:

Մարդիկյանի գործով ավելի քան 12 լսումներ են անցկացվել, որոնց ընթացքում հանրությունն ու հանձնաժողովի անդամները լսել են բազմաթիվ վկաների, այդ թվում՝ ոստիկանների ու ղեկավարների վկայությունը:

Լսումներից մեկի ժամանակ Հորթոնը ասել է, որ կապիտան Մայք Ռոքը որպես բողոքի հիմք է օգտագործել Մարդիկյանի մասին խոսակցությունը մեկ այլ ոստիկանի հետ, ինչին էլ հետևել է ներքին գործերի հետաքննությունը:  

Նույն ոստիկանն ավելի ուշ վկայել է, որ Ռոքի բողոքում ներկայացված որոշ հայտարարություններ կեղծ են:

Ոստիկանական բաժանմունքը ներկայացնող փաստաբանն, իր հերթին, պնդել է, որ  Մարդիկյանը բաժանարար էր ու առաջնորդի հատկանիշներ չուներ: Ըստ նրա՝ Մարդիկյանն իր աշխատակիցներին ճնշել է հետևել իր խտրական վերաբերմունքի օրինակին:

Նշենք, որ Մարդիկյանը, ինչպես նաև ոստիկաններ Ռոբերտ Բարսեղյանը, Տիգրան Տոպաջիկյանը, Ջոն Բալյանն ու նախկին ոստիկան Բեննի Սիմոնզադը 2010 թվականին քաղաքի ու ոստիկանական բաժանմունքի դեմ բողոք էին ներկայացրել դաշնային դատարան՝ պնդելով, որ խտրականությունների և ոտնձգությունների են ենթարկվել հայ լինելու պատճառով: