Home / Տեսանյութեր / «Եթե գոնե 1%-ը Ալեքսանյանի նման…». օլիգարխի աջակիցները մեղադրել են լրագրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Եթե գոնե 1%-ը Ալեքսանյանի նման…». օլիգարխի աջակիցները մեղադրել են լրագրողներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության՝ այսօր Փակ շուկայի մոտ 14:00-ին նախատեսված բողոքի ակցիան այդպես էլ չկայացավ:

Ժամը 13:00-ից Փակ շուկայի հարակից տարածքը ամբողջությամբ զբաղեցրել են շուկայի սեփականատեր, օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ երկու հարյուր աջակիցները: Հավաքվածների կողքին մի տղամարդ էր կանգնած հրահանգում էր. «Իսկ հիմա բոլորս միասին՝ «Ալեքսանյան բա-րե-րար»»: Ներկաները սկսում էին վանկարկել:

Epress.am-ի լրագրողը տարածքում նկատել է Փակ շուկայի շենքի պատմական տեսքի համար պայքարող մի քանի ակտիվիստների, ովքեր արագ հեռացել են Մաշտոցի պուրակի ուղղությամբ: Ալեքսանյանի աջակիցները մեկ ժամից ավելի գրեթե առանց ընդմիջման վանկարկել են. «Բացում», «Այո՛ աշխատատեղերին», «Մենք պահանջում ենք աշխատատեղեր»:

Նրանք ձեռքերում նմանատիպ գրություններով պաստառներ են պահել: Լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանի մարդկանցից մի քանիսը պնդել են, որ իրականում բողոքողները շատ քիչ են, նրանք «կեղծ ընդդիմախոսներ են», իսկ լրագրողներն իրենց պահվածքով և նյութերով հրահրում են ակցիաները:

Հավաքվածները պնդել են, որ Ալեքսանյանը, Փակ շուկայի շենքում «Երևան Սիթի» սուպերմարկետ բացելով, 700 աշխատատեղ է ստեղծում, և «նա իսկապես մտածում է ժողովրդի մասին»:

«Եթե գոնե մի տոկոսը Սամվել Ալեքսանյանի պես աշխատատեղեր բացեր…», – լրագրողներին ասել է ակցիայի մասնակից մոտ 50 տարեկան կանանցից մեկը:

Նշենք, որ, համաձայն օրենքի, Սամվել Ալեքսանյանը որպես պատգամավոր իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Նա մի քանի անգամ լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը, ինչպես նաև ապրանքների ներկրմամբ զբաղվող «Ալեքս Գրիգ» ընկերությունը պատկանում են իր կնոջը: Այսօրվա ակցիայի մասնակցիները, սակայն, կնոջ անունը չեն հիշատակել և որպես բարերար ու շուկայի շենքի սեփականատեր նշում էին Սամվել Ալեքսանյանի անունը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ակցիայի ժամանակ Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի աջակիցները ծեծի էին ենթարկել ակտիվիստ Տիգրան Ավինյանին «Լֆիկի (ժողովրդի շրջանում տարածված Սամվել Ալեքսանյանի կեղծանունը) ստրուկ եք դառել սաղդ» արտահայտության համար: