Home / Հայաստան / Սարգսյանը «կմեղմացնի» Մոսկվային. Եվրոպան և ԱՄՆ-ն Բաքվի նկատմամբ չեն փոխվի

Սարգսյանը «կմեղմացնի» Մոսկվային. Եվրոպան և ԱՄՆ-ն Բաքվի նկատմամբ չեն փոխվի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին Մոսկվա կատարելիք այցի հիմնական նպատակն է մեղմացնել երկկողմ հարաբերություններում ստեղծված բացասական հոգեբանական ֆոնը: Regnum-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ, ԱՄՆ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրված աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքով՝ այս մթնոլորտը զգալիորեն ուժգնացել է տեղական ու արտասահմանյան ԶԼՄ-ների, փորձագետների, դիտորդների ու տարբեր մեկնաբանների ջանքերի շնորհիվ, և արդյունքում տպավորություն է ստեղծվել, թե Երևանի ու Մոսկվայի միջև լուրջ հակասություններ են առաջացել:

«Անգամ ամենամոտ դաշնակիցների հարաբերություններում միշտ կան հարցեր, որոնք պահանջում են համակարգում, կողմերի դիրքորոշումների վերանայում, որոշակի տարաձայնություններ և այլն: Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները բացառություն չեն, դրանք յուրահատուկ չեն, դրանցում միշտ ինչ-որ բան է տեղի ունենում, և դա կոչվում է քաղաքականություն: Վերջին ժամանակներում երկկողմանի հարաբերություններում տեղի է ունեցել տարբեր վիճելի հարցերի շերտավորում, ինչը հանգեցրել է տհաճ հոգեբանական  ֆոնի: Դա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացն է, ռուս-ադրբեջանական հարաբերությունները, մասնավորապես, զենքի մատակարարման պայմանագրերը, ռուսական բնական գազի սակագնի բարձրացումը, և այլն: Բայց խնդիրը նրանում է, որ այս ամենը քննարկվել է տարիներ առաջ, 2013-ի վրա ինչ-որ հոսանք է եկել՝ տեղի է ունեցել խնդիրների քանակական շերտավորում, որը վերաճել է որակականի:

«Արևելյալ գործընկերության» մասին խոսեցին 2008-2009 թվականներին, ԵՄ-ի հետ հարևանության քաղաքականության մասին՝ դրանից էլ առաջ: Այն բանի մասին, որ Հայաստանի համար գազի գինը կթանկանար, հայտնի էր դեռ 2011 թվականին: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենք շուրջ գործարքին, ապա դրա արմատները հասնում են 2010 թվական: Չնայած, Մոսկվան միշտ էլ հետաքրքրված էր Ադրբեջանով: Դեռ 2008 թվականին, երբ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելեց Բաքու, նա Ադրբեջանին անվանեց ռազմավարական գործընկեր: Դրանից 7 տարի առաջ՝ 2001 թվականին, Վլադիմիր Պուտինն իր այցի ժամանակ այցելեց նահատակների ծառուղի, ի պատիվ նրա այցելության դրոշմանիշ թողարկեցին, և այլն:

Այսպիսով, հայ-ռուսական հարաբերություններում վերջին բոլոր իրադարձությունները նախկինում տեղի ունեցած գործընթացների տրամաբանական շարունակությունն են: Այլ հարց է, որ այդ հարցերի կենտրոնացումը կարճ ժամանակահատվածում հանգեցրել է բացասական հոգեբանական ֆոնի առաջացման: Այցի հիմնական նպատակը, իմ կարծիքով, կլինի դրա մեղմացումն ու թուլացումը»,- նշել է Մարկեդոնովը՝ ավելացնելով, որ հայ-ռուսական հարաբերություններում ռազմավարական կարևորություն ունեցող որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Իր դիրքորոշումը պատկերավոր կերպով ներկայացնելու համար փորձագետը  բերել է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների օրինակը. «Բարաք Օբամայի նախագահության հենց սկզբից երկու երկրների միջև հարաբերություններում անհարմարավետություն առաջացավ: Բենիամին Նեթանյահուի ու իր թիմի համար ավելի ընդունելի են հանրապետականները՝ արաբա-իսրայելական հակամարտության վերաբերյալ իրենց ավելի կոնկրետ դիրքորոշմամբ, Թել Ավիվի նկատմամբ իրենց վերաբերմունքով, և այլլ: Բայց նախագահը Բարաք Օբաման է, և նրա հետ պետք է մի կերպ ընդհանուր լեզու գտնել՝ չնայած հարաբերություններում առկա շարունակական լարվածությանը: Մինչդեռ, ոչ ոք անգամ չի մտածի կասկածի տակ դնել դրանց ռազմավարական բնույթը»:

Մարկեդոնովի խոսքով՝ Հայաստանում եվրաինտեգրման մոլի կողմնակիցներ կան, բայց այդ շերտն այնքան էլ ուժեղ չէ: «Եվրաինտեգրման կողմնակիցները միշտ չէ, որ օբյեկտիվ են: Օրինակ, երբ Ռուսաստանին նախատում են Ադրբեջանի հետ համագործակցության համար, նրանք չեն խոսում այն մասին, որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը նույնպես Բաքվին տեսադաշտից դուրս չեն բերում: Ի՞նչ է, Հայաստանի մոտեցումը Եվրոպայի՞ն պետք է ԱՄՆ-ին ստիպի փոխել իր քաղաքականությունը Ադրբեջանի հանդեպ: Կստիպի եվրոպացիներին հրաժարվե՞լ էներգակիրների այլընտրանքային աղբյուրից, իսկ բրիտանացիներին՝ չեղյա՞լ համարել բոլոր էներգետիկ պայմանագրերը: Երբ խոսում են Գյումրիում ռուսական ռազմական բազայի ու դրա վատը լինելու մասին, ի՞նչ է, եվրոպացիներից որևէ մեկը պատրա՞ստ է տեղադրել իրենը: Մի խոսքով, այստեղ շատ մանրուքներ կան:

Հարցի ևս մի հետաքրքիր կողմ. Եվրոպայի օգտին միանշանակ ընտրության մասին խոսում են փորձագետները, դիտորդները, զանգվածային լրատվամիջոցներում քննարկվում են դավադրության տեսությունները, բայց պետության առաջին դեմքերը ոչ մի նման բանի մասին չեն խոսել ու տեղի ունեցողը նման կերպ մեկնաբանելու առիթ չեն տվել»:

Բացի այդ, փորձագետը նշել է փաստերի ակնհայտ աղավաղման մասին. «Նոյեմբերի վերջին՝ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ, ծրագրվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի նախնական համաձայնեցումը: Դա ստորագրում չէ, ինչպես պնդում են ոմանք: Տեղի է ունենալու ոչ թե ստորագրում, այլ հենց փաստաթղթի նախնական համաձայնեցում: Դրանից հետո արդեն պետք է տեղի ունենա ստորագրումը, որից հետո գործընթացը, ծրագրի համաձայն, կմտնի Հայաստանի ու Եվրամիության երկրների խորհրդարանների կողմից վավերացման փուլ: Դա մի ամբողջ ընթացակարգ է, որը կշարունակվի մի քանի տարի: Մենք գործ ունենք ճանապարհի մեկնարկի հետ, որը կարող է ձգձգվել յուրաքանչյուր փուլում անկանխատեսելի հանգամանքների պատճառով»,- եզրափակել է նա: