Home / Տեսանյութեր / «Հայազնը» ռեժիմի գործիքն է. Տիգրան Խզմալյանը՝ գործընկերոջ վրա հարձակման մասին

«Հայազնը» ռեժիմի գործիքն է. Տիգրան Խզմալյանը՝ գործընկերոջ վրա հարձակման մասին

Տիգրան Խզմալյանը պնդում է, որ «Հայազն» կուսակցությունը ռեժիմի գործիք է: Կինոռեժիսորի խոսքով՝ այդ կուսակցության ստեղծումը 90-ականներին ստեղծված ավանդույթի շարունակությունն է:

«Սարդարապատ» նախաձեռնության և «Նախախորհրդարան» շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը (լուսանկարում), մեկնաբանելով «Հայազն» կուսակցության անդամների հարձակումն իր գործընկեր Վարուժան Ավետիսյանի վրա, ասել է, որ «Հայազնի» մասին հստակ ձևավորված կարծիք ունի:

«Մեր քաղաքական դաշտում տխուր ավանդույթ կա, որ 1994 թվականից էր ստեղծվել: Երբ կարիք կար կուսակցությունները վարկաբեկել, կոոպերատիվ, զուգահեռ կուսակցություններ էին ստեղծում: Գոյություն ունեին 2-3 դաշնակություններ, հնչակյան կուսակցություն: «Հայազնը» նման կուսակցությունների վառ օրինակ է: Նրանք ստեղծվել են որպես «Սարդարապատ» շարժման ստվեր, իրենց  հայտարարությունները մի ժամանակ շատ նման էին մեր հայտարարություններին, ուղղակի մի քանի օր ուշացումով էին: Մինչև նրանք չանցան բաց սաբոտաժի ու բռնությունների, մենք գերադասում էինք չբարձրաձայնել այդ մասին: Նրանք  ռեժիմի գործիքներից են»,- ասել է Խզմալյանը:

Ավելի վաղ «Նախախորհրդարանը» հայտարարություն էր տարածել այն մասին, թե «Հայազնի» 7-8 անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը, երեկ՝ 17.45-ի սահմաններում, հարձակվել են Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող «Նախախորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան:

Այս հարձակումը «Նախախորհրդարանը» համարում է վերջերս իրենց անդամների նկատմամբ հաճախակիացած հարձակումներից մեկը և հիշեցնում ավելի վաղ տեղի ունեցած դեպքերը, մասնավորապես, «Նախախորհրդարանի» անդամներ Եղիա Ներսեսյանի ու  Դմիտրի Հարությունյանի նկատմամբ ոստիկանության հետապնդումերը, շարժման աջակիցներ Տաթև Մայիլյանի ու Շողիկ Մելքոնյանի նկատմամբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի սեռական բնույթի վիրավորանքն ու սպառնալիքները, Ծածկած շուկայի համար պայքարող Կարո Եղնուկյանի, ակտիվիստներ Լևոն Ստեփանյանի, Տաթև Մայիլյանի, Սոնա Մարգարյանի և Շողակաթ Հախվերդյանի, ինչպես նաև մի շարք ակտիվիստ արվեստագետների նկատմամբ Սամվել Ալեքսանյանի շրջանակի անձանց կողմից զանգվածային հետապնդումներն ու սպառնալիքները, ինչպես նաև «Հայազն» կուսակցության ներկայացուցիչների կողմից նույն Տաթև Մայիլյանի և Լևոն Ստեփանյանի նկատմամբ սպառնալիքներն ու սադրանքի միջոցով նրանց հետ բախումներ հրահրելու փորձերը:  

Epress.am-ը փորձել է ճշտել՝ արդյոք Վարուժան Ավետիսյանին ծեծելու փաստի առթիվ գործ է հարուցվել: Ոստիկանության լրատվության վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը մեզ հետ զրույցում ասել է, որ տվյալ դեպքի մասին հաղորդում Կենտորնի ոստիկանությունը չի ստացել: Թե ինչու Ավետիսյանը չի բողոքել, մեզ առայժմ չի հաջողվել ճշտել, քանի որ նա հեռախոսազանգերին չի պատասխանում: