Home / Հայաստան / Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, վստահ է ՀՀԿ փոխնախագահը

Հայաստանը կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը, վստահ է ՀՀԿ փոխնախագահը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը համոզված է՝ Հայաստանը նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սահակյանն ասել է, որ համաձայնագրի ստորագրման համար որևէ խանգարող հանգամանք չկա: Նա համաձայն չէ այն պնդումներին, թե պաշտոնական Մոսկվան լուրջ ճնշումներ է գործադրում՝ փորձելով ետ պահել Հայաստանին Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից: Հետևաբար, Հանրապետականի փոխնախագահը Մոսկվայում այսօր կայանալիք Վլադիմիր Պուտին – Սերժ Սարգսյան հանդիպումից սենսացիաներ չի սպասում՝ ընդգծելով, թե սա հերթական հանդիպումն է ռազմավարական գործընկերոջ հետ:

«Հնարավո՞ր է՝ այդ հանդիպումից հետո պարզ դառնա, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն և չի նախաստորագրելու Ասոցացման համաձայնագիրը», – «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Սահակյանը պատասխանել է․ «Չեմ կարծում, նման բան չի կարող լինել, որովհետև Ասոցացման համաձայնագիրը հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ ենթատեքստում որևէ խանգարող հանգամանք չի առաջադրում, և նաև Մաքսային միության քննարկումները այնքան խորացած չեն, որ հենց կարողանանք այսօր դիրքորոշում արտահայտել, առավել ևս՝ Հայաստանը մաքսային սահման չունի Ռուսաստանի հետ»:

Հանրապետականի փոխնախագահը վստահ է, որ Ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի․ «Բնական եմ համարում, դա էլ պետք չի սենսացիա առաջացնել, դա ոչ թե Եվրամիություն ենք մտնում, այլ մեր մուտքը ավելի ամբողջական ենք ապահովում Եվրոպայում»:

Իսկ հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված Ռուսաստանի ճնշումները, Գալուստ Սահակյանը հակադարձել է․ «Դեռ մինչև այս պահին ես ճնշումներ չեմ նկատել, պետական պաշտոնական ճնշումների նույնիսկ մեսիջներ չկան»:

Հետևաբար, նա կարծում է, որ Ռուսաստանը չի փորձում Հայաստանին հետ պահել Ասոցացման նախաստորագրումից: «Չեմ կարծում, թե նման իրողություն լիներ՝ դա միանգամից կարտահայտվեր, առավել ևս՝ մի մոռացեք, որ մենք ինքնիշխան պետություն ենք», – ընդգծել է իշխող կուսակցության փոխնախագահը:

«Այսպես թե այնպես, դեռևս ինֆորմացիա չկա, որ մենք մտնում ենք Մաքսային միություն: Նույնիսկ եթե որոշակի հանգամանքներ ծնվեն, քանի որ մաքսային սահման չունենք՝ մենք այստեղ որոշակի վերապահումներ կունենանք, կարծում եմ», – ասել է Սահակյանը: