Home / Հայաստան / Սուքիասյանի մամուլի քարտուղարը նրան փոխվարչապետի պաշտոնն առաջարկելու մասին տեղեկություն չունի

Սուքիասյանի մամուլի քարտուղարը նրան փոխվարչապետի պաշտոնն առաջարկելու մասին տեղեկություն չունի

Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը չի տիրապետում Սուքիասյանին փոխվարչապետի պաշտոն առաջարկելու իշխանությունների մտադրության մասին տեղեկատվությանը: Այս մասին Մկրտչյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում տեղ գտած տեղեկությունը:

«Ժողովուրդ»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին  փոխվարչապետի պաշտոնն առաջարկելու իշխանությունների մտադրության մասին ու հավելել, որ Սուքիասյանից նշված տեղեկությունը չի հաջողվել ճշտել, քանի որ նրա հեռախոսն անջատված է եղել:

Թերթը նաև նշել էր, որ իշխանության ներսում քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու գաղափարը, ուստի մտադրություն կա պաշտոններ առաջարկել տարբեր անձերի, ովքեր այժմ իշխանությունից դուրս են:

Այդ անձանց թվում, բացի Խաչատուր Սուքիասյանից, թերթը նաև ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, մարտի 1-ի դեպքերից հետո ստեղծված Փաստահավաք խմբում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի անունն է նշել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Քոչարյանն այդ առնչությամբ ասել է. «Ինձ ոչ մի առաջարկ չի եղել, ու ես կարծում եմ, որ իմ գործունեությունը հանրային դաշտում հիմք է տալիս ինձ ասելու, որ բացառվում է՝ նման առաջարկ լինի»: Նա ընդգծել է, որ ակտիվ մասնակցություն է ունեցել մարտի 1-ի բացահայտման մեջ, և այդ հարցի ուրջ նման տեսակետ ունեցողին նման առաջարկ չեն անի: