Home / Տեսանյութեր / Հայաստան և Ռուսաստան. ո՞ր դեպքում կարելի էր միանալ Եվրասիական միությանը

Հայաստան և Ռուսաստան. ո՞ր դեպքում կարելի էր միանալ Եվրասիական միությանը

Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու երեկվա հայտարարությանն արձագանքելով՝ արվեստագետ Կարեն Անդրեասյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում բացատրել է՝ որ դեպքում հավանական կլիներ, որ ինքը կողմ լիներ այդ կառույցին և Եվրաասիական միությանը միանալուն.

«Ես կարող ա կողմ լինեի ԵվրազԷս-ի նախագծին, եթե այն առաջին՝ առաջ բերվեր հանրությունների կողմից, որոնք ազատագրվել են գաղտնի ծառայությունների իշխանությունից, և երկրորդ՝ դիտվեր իբրև խորհրդային ավանգարդի շարունակություն»: 

Իր մեկնաբանության տակ Անդրեասյանը տեղադրել է գերմանացի արվեստագետ Ջոզեֆ Բոյսի «Eurasia Siberian Symphony» գործը (լուսանկարում):

Epress.am-ը Հայաստանի որոշման մասին հարց է ուղղել հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանին, ով ասել է, որ Մաքսային միությանը միանալը տնտեսական որոշում չէ, այլ քաղաքակրթական ուղին ընտրելու որոշում, և հետևաբար՝ տնտեսական գործոնները մղվում են երկրորդ պլան:

Նեդոլյանը նշել է, որ այդ գործոնները քննարկել չարժի, քանի որ Հայաստանը, Մաքսային միությանը միանալով, ընտրում է քաղաքակրթական վեկտոր: Ռուսաստանի այդ վեկտորը, ըստ հրապարակախոսի, իրականում կործանման է տանում:

Ըստ Նեդոլյանի՝ որևէ միության միանալու որոշումը կարող է կայացնել միայն լեգիտիմ իշխանությունը, իշխանությունը, որն առաջնորդվում է հասարակության կարծիքով, ինչը չկա Հայաստանի գործող իշխանության դեպքում:

«Երկրորդ՝ Ռուսաստանում ևս գործում է ոչ լեգիտիմ իշխանություն, որը կռվում է սեփական հասարակության հետ, հակաժողովրդական է, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում», – ասել է Նեդոլյանը:

Մշակութաբան Վարդան Ջալոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դեմ է Եվրասիական միությանը միանալուն, քանի որ այն ստեղծելու գաղափարը քաղաքական նպատակ է հետապնդում՝ մեծացնել Ռուսատանի ազդեցությունը  Մերձավոր Արևելքում, ինչն ավելի ակտուալ է դառնում այդ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և դրանցում Արևմուտքի միջամտության մեծացման ֆոնին: