Home / Տեսանյութեր / Ծնողները Սերժ Սարգսյանի «դաբռոն» են խնդրում՝ որդիներին բանտերից օրենքով ազատելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծնողները Սերժ Սարգսյանի «դաբռոն» են խնդրում՝ որդիներին բանտերից օրենքով ազատելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր նախագահական նստավայրի մոտ հերթական բողոքի ակցիան են անցկացրել ՔԿՀ-ներում պատիժ կրող մարդկանց ծնողները, ովքեր պահանջում են նախագահից «դաբռո տալ», որ իրենց որդիների նկատմամբ գործի պայմանական վաղաժամկետ ազատման օրենքը, այսինքն՝ անկախ հանձնաժողովն ազատ արձակելու մասին դիմումները բավարարի: Ծնողներն այսօրվա ակցիայի ժամանակ հավաքում էին դատապարտյալների անուններ, ում ազատազրկման ժամկետի երկու երրորդը լրացել է: Եթե այդ ժամկետը լրանում է և դատապարտյալը լավ պահվածք է դրսևորում, նա կարող է դիմել համապատասխան հանձնաժողովին՝ բանտից իրեն ազատ արձակելու խնդրանքով: Այսօրվա ակցիային ներկա ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականցնող խմբի ղեկավար Ռոբերտ Ռևազյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ վաղաժամկետ ազատման հանձնաժողովը վաղուց չի գործում և դիմումների ավելի քան 70 տոկոսը մերժվում են:

«Հանձաժողովի անդամները ունեն պատժիչ հոգեբանություն, խնդիրը սա է: Մյուս կարևոր հարցն այն է, որ չկա կանոնակարգ, թե ինչ չափանիշներով պետք է որոշվի՝ դաատպարտյալը իրեն լավ է դրսևորել, թե ոչ: Պետք է լինի չեզոք կազմ, ոչ ուժային կառույցների ներկայացուցիչներ, կարող է լինել հոգեբան, իրավաբան, բայց ոչ ոստիկանության կամ դատախազության աշխատակիցներ, ովքեր ունեն պատժիչ հոգեբանություն»,- ասել է Ռևազյանը:

Այժմ ազատազրկվածների ծնողները պետք է միանան և դիմում-նամակի հետ դատապարտյալների ցանկը ևս տրամադրեն նախագահական նստավայրի նամակների բաժնին:

Բանտում մի քանի անգամ իրեն վնասած դատապարտյալ Արթուր Այվազյանի ծնողները, ովքեր ևս մասնակցել են ակցիային, պատմել են, որ որդու ազատազրկման ժամկետի երկու երրորդը լրացել է, սակայն նա շարունակում է կրել պատիժը:

«Ոչ մի ապացույց չունենալով՝ դատապարտել են: Հիմա էլ երկու երրորդը անցել է, բայց մեր իշխանությունները չեն ազատում: Չկա մի տղամարդ, որ ստորագրի, ազատեն, սաղ նայում են Բաղրամյան 26-ին, դաբռոն կլինի՝ կազատեն:  Մենք օրենքի շրջանակներում ենք ուզում գործողություններ, հո անօրինական բան չե՞նք ասում»,- ասել է Այվազյանի հայրը՝ Աշոտ Այվազյանը: