Home / Տեսանյութեր / Մեծ Բրիտանիան Հայաստանի վերաբերյալ նպատակները չի փոխել. դեսպան

Մեծ Բրիտանիան Հայաստանի վերաբերյալ նպատակները չի փոխել. դեսպան

Բրիտանիան Հայաստանին ընկալում է որպես երկարաժամկետ գործընկեր և երկրի նպատակները չեն փոխվել: Այս մասին հայտարարել է Հայաստանում  Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը՝ պատասխանելով Epress.am-ի այն հարցին, թե ինչ փոփոխություններ կարող են լինել Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու հայտարարությունից հետո:

«Մենք ցանկանում ենք աջակցել Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական զարգացմանը, այն առաջընթացին, որ Հայաստանն արդեն գրանցել է, և հայ ժողովրդի բարօրությանը:

Մենք ուրախ էինք լսել երեքշաբթի օրը նախագահ Սարգսյանի կողմից արված այն նկատառումը, որ Եվրոպայի հետ համագործակցությունն անմիջականորեն նպաստում է Հայաստանի մրցունակությանն ու հաջողությանը, և որ Հայաստանը մտադրված է շարունակել իր երկխոսությունը Եվրոպայի հետ: Իսկապես ողջունում ենք սա և ակնկալում ենք այս նոր համատեքստում տեսնել Հայաստանի իշխանությունների բարեփոխումների առաջնահերթությունը», – ասել է Քեթի Լիչը: