Home / Տեսանյութեր / «Այլընտրանքները կորցնում ենք». Առաջին նախագահի խորհրդականը՝ Մաքսային միություն մտնելու մասին

«Այլընտրանքները կորցնում ենք». Առաջին նախագահի խորհրդականը՝ Մաքսային միություն մտնելու մասին

Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանին որևէ բան չի տալու Ղարաբաղի հարցով։ Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական, այժմ՝ Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը:

«Ինչպես ասել եմ շատ առիթներով, մեր դժվարությունը կայանում է այն բանի մէջ, որ մենք, մեր ակտիվ քաղաքականությամբ չլուծելով Ղարաբաղի հարցը և հյուրի նման սպասելով, որ ուրիշներն անեն դա, պատանդ ենք այլ ուժերի ձեռքին։ Մեր այլընտրանքները կորցնում ենք։ Ու երբ պետական ու ժողովրդի շահերից ելնելով որոշում ենք ընդունելու, անդադար պիտի մտահոգվենք, որ մեզ կպատժեն։ Այդ պատիժը կարող է լինել Ղարաբաղում։ Մաքսային միությանն անդամակցելը ոչ մի բան մեզ չի տալու Ղարաբաղի հարցով։ Թերևս ուշացնում է այն, ինչ գրեթե անխուսափելի է՝ ուրիշների կողմից մեզ պարտադրված լուծում։ Իսկ նման լուծում չի կարող մեզ ավելի նպաստավոր լինել, քան այն, ինչ մենք կարող էինք ձեռք բերել ու թերևս տակավին կարելիություններ ունենք անելու»,- ասել է Լիպարիտյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ, միանալով Մաքսային միությանը, Հայաստանը ստիպված լինի մաքսակետեր դնել ԼՂՀ սահմանին՝ Լիպարիտյանն ասել է, որ առնվազն 1992 թվականից ի վեր Ռուսաստանի հակակշռի տակ նման անցակետ ստեղծելը Մոսկվայի դիվանագիտության հիմնական նպատակներից է եղել, ուստի ինքը չի զարմանա, որ նման հարց առաջանա, չնայած, քանի դեռ որևէ փաստաթուղթ դեռ հրապարակաված չէ, ոչ ոք չի կարող հստակ իմանալ:

Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի կնքմանն անդրադառնալով՝ Լիպարիտյանն ասել է, որ դա անհրաժեշտ է պետության ու ժողովրդի տնտեսական, քաղաքական ու սոցիալական առողջ զարգացման համար։

«Սակայն իմ մտքի մեջ հարցը այլ է. նույնիսկ եթե նման բան ստորագրվի, կարող կլինե՞նք օգտվել նման պայմանագրից, եթե մեր հարևանների հետ մեր հարցերը չենք լուծել»,- ասել է Լիպարիտյանը: