Home / Տեսանյութեր / Տղամարդը ակցիաների ժամանակ «տեղի բնակիչ» է ներկայանում և բողոքողներին «ֆաշիստ» անվանում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Տղամարդը ակցիաների ժամանակ «տեղի բնակիչ» է ներկայանում և բողոքողներին «ֆաշիստ» անվանում (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

Տղամարդը, ով ենթադրաբար ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ազգականն է, Փակ շուկայի պահպանման համար պայքարողներին «մասոն և ֆաշիստ է» անվանում: Տարբեր ակցիաների վայրերում նա պնդում է, որ հարակից շենքի բնակիչ է:

Երեկ Փակ շուկայի շենքը որպես հուշարձան պահպանելու համար պայքարող ակտիվիստներին Մաշտոցի պողոտայում դիմավորել են շուկայի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանի աջակիցները, ովքեր իրենց «հակաակտիվիստներ» են անվանել: Նրանցից մի քանիսը նշում էին, որ տեղի բնակիչներ են ու կողմ են, որպեսզի Փակ շուկան բացվի որպես «Երևան սիթի» սուպերմարկետ:

Epress.am-ի թղթակիցը «տեղի բնակիչներ» ներկայացածներից մեկին ճանաչել է. վերջինս մի քանի օր առաջ Կոմիտաս 5-ում կայացած բողոքի ակցիայի ժամանակ նշել է, որ ինքը հարևան շենքում բնակարան ունի, ու կողմ է, որպեսզի Կոմիտաս 5-ի շենքը կառուցվի:

Երբ երեկ Փակ շուկայի մոտ կայացած ակցիայի ժամանակ մեր թղթակիցը հարցրել է, թե արդյոք ինքը նաև Մաշտոցի պողոտայում էլ տուն ունի, «հակաակտիվիստը» դրական պատասխան է տվել՝ ավելացնելով, որ ինքը Ապարանում էլ տուն ունի:

Երիտասարդը հրաժարվել է ներկայանալ, սակայն հավաքվածներից մի քանիսը ասել են, որ նա Սամվել Ալեքսանյանի ազգականն է: Լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարել է, որ Փակ շուկայի պահպանման համար պայքարողները «ֆաշիստներ ու մասոններ են»: