Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանը բացատրել է՝ ինչու ՀԱԿ-ը չպետք է վիրավորի Ռուսաստանին կամ Պուտինին

Տեր-Պետրոսյանը բացատրել է՝ ինչու ՀԱԿ-ը չպետք է վիրավորի Ռուսաստանին կամ Պուտինին

Վերջին շրջանում Հայաստանում փորձում էին Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես լայնախոհ, արևմտամետ գործիչ, իսկ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությանը խավարամիտ ռուսամետներ: Սերժ Սարգսյանի՝ դեպի Ռուսաստան 180 տոկոս շրջադարձից հետո, նույն մարդիկ փորձելու են ՀԱԿ-ին հակառակ պիտակը փակցնել՝ հակառուսի պիտակը: Այս մասին երեկ «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության վարչության նիստում հայտարարել է ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ես այստեղ իսկապես լուրջ վտանգ եմ տեսնում, որովհետև, ես բազմիցս եմ ասել, մենք ոչ ռուսամետ ենք եղել, ոչ ամերիկամետ, ոչ էլ այսուհետև ենք լինելու: Մենք ուրիշ սկզբունք ենք դավանում՝ չլինել հակառուս, չլինել հակաարևմտյան», – հայտարարել է Տեր-Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ ՀԱԿ-ը առիթ չպետք է տա հակառուսի պիտակը հաստատելու համար:

«Մեծ բան չի պահանջվում մեզանից: Ոչ պիտի քծնենք Ռուսաստանին, ոչ պիտի փառաբանենք, ոչ պիտի գովերգենք, այլ պարզապես չպիտի հայհոյենք Ռուսաստանին: Կուսակցական մարմինների կամ կուսակցական գործիչների մակարդակով մենք որևէ վիրավորական արտահայտություն ոչ Ռուսաստանի, ոչ ռուս ժողովրդի, ոչ էլ Պուտինի հասցեին չպետք է թույլ տանք: «Ռուսի սապոգ», «ռուս արջ» արտահայտությունները չպետք է տեղ գտնեն մեր հրապարակային բառապաշարում: Մենք պետք է գիտակցնեք, որ ոչ թե մարգինալ, անպատասխանատու տարր ենք, այլ իշխանության այլընտրանք հանդիսացող լուրջ ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, որը արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում պետք է գործիչ պետական պատասխանատվության գիտակցությամբ, այսինքն այնպես, ինչպես եթե իշխանություն լինեինք: Մենք այսպիսի դերակատարության հավակնություն ունեցող քաղաքական ուժ ենք, հետևաբար պետք է գործենք այդ դիրքին պատշաճ, և ոչ թե որպես դիսիդենտ, ով լրիվ ազատ է իր հրապարակային հայտարարություններում», – ասել է ՀԱԿ նախագահը:

Նա նշել է, որ ասածը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլ աշխարհի բոլոր պետություններին:

Տեսանյութը՝ ilur.am