Home / Հայաստան / Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու փաստաթղթերը պատրաստ կլինեն մինչև մայիս. Շուվալով

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու փաստաթղթերը պատրաստ կլինեն մինչև մայիս. Շուվալով

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստ կլինեն 2014 թվականի մայիսին, երբ ծրագրվում է կնքել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:

«Փորձագետներն ասում են, որ, կազմելով Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի նախագիծը, մենք կարող ենք Մաքսային միությանն  անդամագրվելու թեկնածուների հետ պայմանավորվել այն մասին, որ ինտեգրման այս առաջին փուլի հիմնական դրույթները կարող ենք համաձայնեցնել մինչև 2014 թվականի մայիս»,- Շուվալովի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հիշեցրել է, որ, Հայաստանից բացի, Միությանն անդամագրվելու հայտ է ներկայացրել նաև Ղրղզստանը:

«Մենք իրականացնում ենք անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի մինչև եկող տարվա մայիս պատրաստենք Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագիրը, ու մի շարք միջոցառումներ ենք անցկացնում, որպեսզի միությունը սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից»,- հավելել է Շուվալովը: