Home / Տեսանյութեր / Մահացած բանտարկյալի մայրը պատմել է՝ ինչպես էին վարվում որդու հետ

Մահացած բանտարկյալի մայրը պատմել է՝ ինչպես էին վարվում որդու հետ

Դատապարտյալների հիվանդանոցում սեպտեմբերի 7-ին մահացած, «բանդայի գործով» կասկածյալ, 41-ամյա Արման Դալլաքյանի ծնողները բազմիցս փորձել են համոզել տղային փրկելու համար նրան քաղաքային հիվանդանոց տեղափոխել, սակայն «Նուբարաշեն» ՔՀԿ-ի ղեկավարությունը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, թե կալանավորվածը կարող է փախուստի դիմել: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Դալլաքյանի մայրը՝ Սուսաննա Խաչատրյանը:

«Ինչպե՞ս կարող էր փախնել, եթե քայլել չէր կարող»,- ասել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ երկու տարի է՝ որդին պահվում էր «Նուբարաշեն» ՔՀԿ-ում, սակայն ծնողներին ոչ միայն թույլ չէին տալիս տեսնել նրան, այլև չէին տեղեկացնում՝ ինչ վիճակում է:  Մեր հարցին, թե որն է Դալլաքյանի մահվան պատճառը, մայրն ասել է. «Ինչ ուզեն՝ կգրեն: Ո՞վ իմանա: Չթողեցին՝ տանենք հիվանդանոց բուժենք, միայն ԶԼՄ-ներով հայտարարում էին, որ արտասահմանցի բժիշկ են բերել Արմանի համար: Դե եթե իրենք տեղում կարող էին բուժել, ինչո՞ւ սենց եղավ»:

Մայրը պատմել է, որ ՔԿՀ-ում բուժել են Արման Դալլաքյանի ատամը, և, հնարավոր է, դրանից հետո բարդություններ են եղել վարակի պատճառով: Խաչատրյանն ասել է, որ իրենց որդու մասին տեղեկություններ չհաղորդելը նոր գործելաոճ չէ: Ծնողի խոսքով՝ դեռևս երկու տարի առաջ, երբ Դալլաքյանին ձերբակալել են, ստիպել են խոստովանել մեղքը, խոշտանգումներով ինքնախոստովանություն են կորզել և սպառնացել են, թե իր կնոջը և որդուն ևս ՔՀԿ կբերեն: Այս սպառնալիքից հետո Դալլաքյանը վերցրել է սեղանին դրված դանակը և չորս անգամ հարվածել ինքն իրեն:

«Տղայիս տարել են «Էրեբունի» հիվանդանոց: Դա էլ հարց է՝ ինչու, քանի որ շտապ օգնության հիվանդանոցը ավելի մոտ է: Տարել են «Էրեբունի», քանի որ ծանոթ ունեն այնտեղ: Երբ ամուսինս գնաց հիվանդանոց, թույլ չտվեցին մտնել, փախցրեցին ոստիկանության հոսպիտալ: Ռեանիմացիայում որդուս գլխին քսան հոգի կանգնած է եղել, ամուսնուս ասել են՝ թող ինչ ասում են, վիզ վերցնի»,- պատմել է Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դեռևս երկու տարի առաջ որդին հրաշքով է փրկվել, քանի որ ծեծի հետևանքով նրա կողոսկրերից մեկը վնասել էր թոքը: Կինն ասել է նաև, որ իրենք դեռ չեն որոշել՝ դիմելո՞ւ են արդյոք միջազգային դատարաններ, թե՝ ոչ: 

«Ո՞վ չգիտի, ո՞ւմ ինչ ապացուցենք: Բոլորն էլ գիտեն, ուղղակի վախեցնում են, բերանները փակում են, ոնց որ մեզ վախեցրել են երկու տարի»,- ասել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Դալլաքյանը հայտնի բանդայի գործով վեց ամբաստանյալներից մեկն էր: Ըստ մեղադրանքի՝ խումբը զբաղվել է ավազակային հարձակումներով: