Home / Հայաստան / Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի ծեծի փաստով քրեական գործ չի հարուցվել

Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի ծեծի փաստով քրեական գործ չի հարուցվել

Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանությունում դեռևս քրեական գործ չի հարուցվել, դեպքից անցել է 6 օր, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հայկակ Արշամյանի և Սաղաթելյանի վրա 6-7 անծանոթ հաղթանդամ տղամարդիկ հարձակվել էին սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան, Արշամյանի բնակավայրի մոտ՝ Կողբացու փողոցում գտնվող շենքի բակում, երբ ակտիվիստները Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքի ցույցից վերադառնալիս են եղել։ Երկուսն էլ ստացել էին մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

«Ազատության» փոխանցմամբ՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում դեռևս հետաքննություն է իրականացվում։ Հարցին, թե արդյոք չի՞ դանդաղում ակնհայտ ծեծի փաստի առիթով քրեական գործի հարուցումը, ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից պարզաբանել են, որ քննությունն ընթանում է քրեադատավարական օրենսգրքի նորմերի համապատասխան, և բացառվում է ոստիկանության կողմից որևէ խախտում։

Ծեծի ենթարկված Հայկակ Արշամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ ոստիկանությունից առանձնապես ակնկալիքներ չունի: Նրա խոսքով՝ ցանկության դեպքում հանցագործներին բացահայտելը րոպեների գործ կլիներ։

«Հինգ րոպեի գործ էր սա բացահայտելը, որովհետև իմ տան բակից երբ դուրս եք գալիս, Խորենացի փողոցի վրա կան բազմաթիվ նկարահանող սարքեր, կարող էին գնալ ուղղակի նայել, մեքենայի համարները տեսնել, այդ մարդկանց տեսնել և մի քանի րոպեում բերման ենթարկել։ Նրանք Խորենացի փողոցով են հեռացել, Կողբացու կամարից դուրս են եկել Խորենացու փողոց, վազելով գնացին ու հեռացան այդպես։ Այդտեղ պետեկամուտների կոմիտեն է, մյուս կողմում խանութներ կան. դիմացը խանութներ կան, որոնք ունեն տեսախցիկներ: Կարող էին նաև մեքենաս գոնե զննել, որովհետև մեքենայիս վրա միանշանակ այդ մարդկանց մատնահետքերը մնացած կլինեին, Սուրենին մեքենայի մեջ են ծեծել, բայց այդ գործողությունն իրենք չկատարեցին, նույնիսկ չեկան մեքենան զննելու։ Որովհետև մոտիվացիա չունեն այդ ամեն ինչը բացահայտելու, որովհետև այդ բոլոր թելերը տանում են ուրիշ տեղեր, այդ պատճառով իրենք քայլեր չեն ձեռնարկի, որպեսզի այդ թելերը շարժեն»,- ասել է Արշամյանը։

Լուսանկարը՝ Azatutyun.am