Home / Տեսանյութեր / Սեֆիլյան. գաղտնազերծել Նալբանդյանի հետ հանդիպումը կամ դառնալ իշխանության մաս

Սեֆիլյան. գաղտնազերծել Նալբանդյանի հետ հանդիպումը կամ դառնալ իշխանության մաս

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Ազգային ժողովում կազմակերպված փակ քննարկումը ժողովրդի թիկունքում կատարվող հերթական քայլերից մեկն էր: Այս մասին այսօր Facebook-ի իր էջում գրել է «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ նրա՝ եթե հանդիպմանը մասնակցած պատգամավորները չհրապարակեն քննարկման մանրամասները, ապա դրանով կապացուցեն, որ  հանցավոր համակարգի մասն են:

«Վարչախմբի պարագայում ամեն ինչ պարզ է` նրա մեջ ներառված ուժերն ու անձինք բացահայտ կերպով ուրացել են ազգային շահերը և դրանց հաշվին իրացնում են իրենց կլանային ու անձնական շահերը: Իսկ իրենց ընդդիմադիր հորջորջող կուսակցականներն ու պատգամավորները, նշված քննարկմանը մասնակցելով, արդեն իսկ ջնջում են իրենց և վարչախմբի միջև եղած տարբերությունները: Եվ եթե նրանք այսօր ևեթ չհրապարակեն այդ քննարկման արդյունքները և շարունակեն դրանք ժողովրդից գաղտնի պահել, ապա հերթական անգամ կապացուցեն, որ մեր ժողովրդի իշխանությունը յուրացրած ապազգային ու հանցավոր համակարգի մասն են և նույնական են վարչախմբի հետ: Որ ճանաչում և լեգիտիմացնում են ազգուրաց վարչախմբին ու նրա դավաճան պարագլխին: Եվ որ գործակից ու հանցակից են նրանց: Քաղաքական կարճատեսությամբ տառապող, իր ժողովրդի ու նրա ուժերի նկատմամբ հավատից զուրկ ստրկամիտ մարդկանց այս տեսակը` վարչախմբի ներկայացուցչի թե ընդդիմադիրի կարգավիճակով, ներկայումս թիվ մեկ սպառնալիքն է հայության համար», – գրել է Սեֆիլյանը:

Ըստ նրա՝ արտաքին հարցերում քաղաքական կողմնորոշման, իսկ ներքին հարցերում` քաղաքական առևտրի կողմնակից այս տեսակը պետք է փոխարինվի քաղաքական նոր սերնդով, եթե «մենք ցանկանում ենք մեր տեղն ունենալ արևի տակ»:

«Եկել է ընտրության պահը. այսպես այլևս չի կարող շարունակվել: Ուստի առկա քաղաքական ակտիվի` դեռևս իրենց ազնվությունը պահպանող ներկայացուցիչները պետք է մեկընդմիշտ կողմնորոշվեն, իսկ մեր ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի, որդեգրի վճռական մենակի գործելակերպ և իր քաղաքական կամքը ձևավորի ու արտահայտի առանց այս տեսակին ու նրա տեսակետը հաշվի առնելու` արտաքին և ներքին բոլոր հարցերում հիմնվելով հայաստանակենտրոնության և հայակենտրոնության սկզբունքի վրա», – եզրափակել է Ժիրայր Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Էդվարդ Նալբանդյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ պատգամավորների հետ: Հանդիպմանը քննարկվել է Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը: Հանդիպման ավարտին  պատգամավորները հրաժարվել են մանրամասներ հայտնել քննարկումից՝ ասելով, որ կա պայմանավորվածություն, որ մանրամասները հրապարակման ենթակա չեն: