Home / Հայաստան / Նալբանդյանը եվրոպացի չինովնիկի հետ քննարկել է Արևելյան գործընկերության հետ կապված հարցեր

Նալբանդյանը եվրոպացի չինովնիկի հետ քննարկել է Արևելյան գործընկերության հետ կապված հարցեր

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին:

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ անդրադառնալով Արևելյան գործընկերության մեկնարկից ի վեր անցած ճանապարհին՝ նշվեց, որ այս տարիների ընթացքում Արևելյան գործընկերությունը ձևավորվել է որպես փոխգործակցության գործուն ձևաչափ և անդամ երկրներում բարեփոխումների խթանման գործիք։

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ համագործակցությունը Եվրամիության հետ հնարավոր ուղղություններով, և Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Երևանում Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման անցկացումը դրա վկայությունն է։

Հելգա Շմիդտը ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ողջույնները փոխանցելով՝ շնորհակալություն հայտնեց ընդունելության համար Հայաստանի արտգործնախարարին, և նշեց, որ ԵՄ-ն ևս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի ակտուալ խնդիրների վերաբերյալ: