Home / Տեսանյութեր / Սայաթ-Նովայի բնակիչները սպառնալիքներ են ստացել կառուցապատողից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սայաթ-Նովայի բնակիչները սպառնալիքներ են ստացել կառուցապատողից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բնակիչներից առավել ակտիվ պայքարողներից 7-ը երեկ սպառնալիք պարունակող նամակներ են ստացել «Լարկո Գրուպ» կառուցապատող ընկերության փաստաբան,  ՀՀ փաստաբանների պալատի անդամ Աշոտ Աբրահամյանից: Այս մասին բակի բնակիչները պատմել են իրենց կանչով բակ այցելած Epress.am-ի թղթակցին՝ ներկայացնելով վերջին օրերի  իրադարձությունները: Փաստաբանն իր նամակում պահանջում է չխոչընդոտել շինարարությունն, այլապես սպառնում է բնակիչներից դատական կարգով գանձել ընկերության կրած վնասները:

Հիշեցնենք, որ վերոնշյալ շենքերի բնակիչները պնդում են, որ իրենց բակում կառուցման համար նախատեսվող շենքը փակելու է հարակից շենքերի լուսավորությունը, ինչպես նաև մեքենաների մուտքը բակ:

Սայաթ-Նովա 10 շենքի բնակիչ, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Կյուրեղյանը պատմել է, որ գրեթե ամեն օր «անհայտ մուսկուլավոր տղամարդիկ» են այցելում իրենց բակ ու տարատեսակ սպառնալիքներով ահաբեկում բնակիչներին:

Նա նշել է, թե «Լարկո-Գրուպի» պատվեր կատարողները շատ լավ տեղեկացված են՝ ում բնակարան են այցելում և ինչ են ասում, մասնավորապես՝ Դավիթ ներկայացած երիտասարդը երեկ փորձել է բնակիչներից ստորագրություններ հավաքել՝ իբրև թե համաձայն են, որ բակում շինարարություն սկսվի:

Բակի բնակիչ Ալբերտ Սարգսյանն էլ  պատմել է, որ «Լարկո-Գրուպի» վստահված անձինք, ովքեր ներկայանում են որպես  Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, անցել են այլասերվածության բոլոր սահմանները:

«ՀՀԿ-ական Դավիթն ասում էր՝ «մեկ է, սա կառուցվելու է, բակի բնակիչները սխալ ճանապարհի վրա են, ոչինչ, թե մութ ա լինելու»: Ամոթ էլ է ասել, աղջիկ ջան, կառուցողներն էլ ասում են՝ «հեշտ է լինելու, բակի տղամարդկանց համար  էլ լավ է լինելու՝ սիրուն աղջիկներ են գալու»: Ես ուղղակի չեմ հասկանում՝ մենք ո՞րտեղ ենք ապրում ընդհանրապես», – նշել է Սարգսյանը: Նրա խոսքով՝ կառուցապատողը սկզբում նախատեսել է կառուցվող շենքում ակումբ բացել, այժմ շինարարությունը ներկայացվում է որպես բազմաֆունկցիոնալ շենք:

Պարուսույց, մանկավարժ Արթուր Զաքարյանն էլ պատմել է, որ «մուսկուլավոր ՀՀԿ-ական ջահելները», նամակից բացի, փորձել են իրեն անձնական վիրավորանք հասցնել:

«7 հոգով պետք է գնայինք քաղաքապետարան հանդիպման, հենց այդ 7-ին էլ գալիս է  նախապահանջ-նամակը, որով փաստաբանը զգուշացնում է, որ չխոչնդոտեն շինարարությանն ու սխալներ չանեն», – եզրափակել է Զաքարյանը:

Լուսանկարում կարմիրով նշված է ենթակայանը, որը կառուցապատողը նախատեսում է քանդել և փոխարենը շենք կառուցել